ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը:
Գործարար Սիլվա Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վ. Մ-ն Վիկտոր Մնացականյանն է, որը եղել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի աջ ձեռքը, Իսկ Արաքս Դիլանյանը այն կինն է, որի հաշվեհամարին ինքը Արամ Հարությունյանի հորդորով փոխանցել է կաշառքը։
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հանքերի շահագործման լիցենզիաներ ստանալու համար 14 միլիոն դոլար կաշառք է տվել, որի 8 միլիոն դոլարը Արամ Հարությունյանի հորդորով փոխանցել է Դուբայում գտնվող Արաքս Դիլանյանի հաշվին։ Համբարձումյանը պնդում է, որ փաստաթղթերով ապացուցված է, որ 8 միլիոն դոլարն ինքը փոխանցել է Դիլանյանի հաշվին, և որ դա Արամ Հարությունյանի 14 միլիոն կաշառք տված գումարի 8 միլիոնն է։ Արաքս Դիլանյանը, ըստ նրա պաշտպանի, ՀՀ քաղաքացի է, 90-ական թվականներից ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով։
Ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Մնացականյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով: Նա, Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Արաքս Դիլանյանի՝ Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո Դիլանյանը նշված գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում՝ Վիկտոր Մնացականյանի հաշվեհամարներին, որից հետո Մնացականյանի ու Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները 2011-ի մարտին փոխանցել են նրա` ԱՄԷ Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին: Վիկտոր Մնացականյանը, իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը, Արամ Հարությունյանի առաջարկությամբ, 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:
Սիլվա Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գոհ է քննության ընթացքից և սպասում է, որ Արամ Հարությունյանին գտնեն ու վերադարձնեն Հայաստան։ «Նրան պետք է գտնեն ու վերադարձնեն։ Բայց հո չի կարող հավերժ փախած մնալ։ Գործողությունները նորմալ գնում են, նրան էլ կբերեն։ Նա չի կարող պատասխանատվությունից խուսափել, քանի որ նույն Վիկտոր Մնացականյանն ու Արաքս Դիլանյանը Արամ Հարությունյանի զոհերն են։
Նա պետք է մտածի, որ իր գալով կարող է փրկել նաև այդ մարդկանց, որոնց ինքն է դրդել այդ արարքներին»,- ընդգծեց գործարարը։
Նշենք, որ վերը նշված արարքների համար Վիկտոր Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արաքս Դիլանյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վիկտոր Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործից նրանց երկուսի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Արաքս Դիլանյանն ու նրա պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ պնդում են, որ Համբարձումյանը ստում է, և այս գործի վերաբացման անհրաժեշտություն չկար։ Մի բան էլ այս քննությունն ու գործը դատարան ուղարկելը։ «Արաքս Դիլանյանն ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել ոչ Սիլվայի, ոչ էլ Արամ Հարությունյանի հետ։ Պարզապես նրա ընկերներից մեկը խնդրել է Արաքսի հաշվեհամարով մի գործարք կատարել՝ պատճառաբանելով, որ իր հաշվեհամարի հետ խնդիր կա։ Արաքսը համաձայնել է, գնացել, իր հաշվին փոխանցված գումար է եղել։ Նա ոչ մի բան չի կասկածել, քանի որ, եթե կասկածեր, ապա ոչ մի պարագայում չէր գնա դրան, քանի որ այդտեղ օրենքները շատ խիստ են։ Արաքսն ինչ իմանար, որ դրանով մասնակից է դառնալու Սիլվա Համբարձումյանի՝ շեյխին 1.5 միլիոն դոլար քցելու ընդհանուր գործարքին։ Ինքը դրա մասին չէր կարող պատկերացում ունենալ։ Եթե կասկած ունենար, կրկնում եմ, ինքը չէր գնա դրան»,- ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Լեռնիկ Հովհաննիսյանը։ Լեռնիկ Հովհաննիսյանը նաև նշել էր, որ Սիլվա Համբարձումյանն այս ամենը հորինում է, քանի որ ստանձնել է «պարտավորություն» այս կամ այն պաշտոնյայի վրա ցուցմունք տալ, քրեական գործ հարուցել ու նրանից գումարներ գանձել պետական կարիքների համար։
Սիլվա Համբարձումյանն էլ ծիծաղելի է համարում այս պնդումները, քանի որ, նրա խոսքերով, քրեական գործով հիմնավորվել են բոլոր բանկային փոխանցումները։ «Արամ Հարությունյանն ասաց, որ չի կարող այդքան գումար կանխիկ տալ, բայց նաև պնդեց, որ գումարն իրեն շտապ է պետք և փոխանցեց Դիլանյանի հաշվեհամարը։ Իմ փոխանցումից անմիջապես հետո, մեկ օր անց, Արաքս Դիլանյանն այդ 8 միլիոնը փոխանցել է կրկին Հայաստան երեք այլ անձանց՝ Վիկտոր Մարտիրոսյանի, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանի և Արմեն Խաչատրյանի հաշվեհամարներին։ Արմեն Խաչատրյանը ցուցմունք է տվել և ասել, որ այդ գումարը եղել է Արամ Հարությունյանին։ Այս երեք անձինք փոխկապակցված են Արամ Հարությունյանի հետ։
Գագիկ Կարապետյանն ու Արամ Հարությունյանը քավոր-սանիկ են, իսկ Արմեն Խաչատրյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի վեցնոցներն են եղել։ Շատ պարզ մեխանիզմ է գործել՝ ես փողը փոխանցել եմ Դուբայ՝ Արաքսի հաշվեհամարին, որտեղից էլ ինքը դրանք նորից ուղարկել է Հայաստան այլ անձանց հաշվեհամարներին, և այդ փողն անուղղակի կերպով կրկին հասել է Արամ Հարությունյանին, որի բոլոր հիմնավորումներն առկա են»,- ընդգծեց Սիլվա Համբարձումյանը՝ կրկին հույս հայտնելով, որ Արամ Հարությունյանը հնարավորինս արագ կհայտնաբերվի և կտեղափոխվի Հայաստան։
Նշենք, որ ըստ Սիլվա Համբարձումյանի, 14 միլիոն դոլար կաշառքի փոխանցումը եղել է 2008 թվականին։ Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։









































