ԱՄՆ պետդեպարտամենտին Կիևը հարցում է ուղարկել՝ խնդրելով Ուկրաինայի նոր իշխանություններին տրամադրել ռազմական նշանակության սարքավորումներ: Այս մասին գրում է Interfax-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ամերիկյան ԶԼՄ-ները, այդ հարցը քննարկվել է անցյալ շաբաթ՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցի ընթացքում:
«Ես կարող եմ հաստատել, որ Ուկրաինան պետդեպ է ուղարկել ռազմական սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ հարցում: Մենք դա քննարկում ենք: Դրա մի մասն արդեն հաստատվել է, և մենք քննարկում ենք մյուս մասը»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուարենը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ինչ սարքավորումների մասին է խոսքը: Նրա խոսքերով՝ չնայած ուկրաինացիները տանկ կամ այլ հիմնական սարքավորումներ չեն խնդրել՝ չի բացառվում նաև նման սարքավորումներ փոխանցելը:









































