«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների կողմից առաջիկա հանրահավաքի իրազեկումն ավարտվեց աղմկոտ միջադեպով. ոստիկանները խոչընդոտել էին «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությունը։ Փոխգնդապետ Վարդան Գևորգյանը քաշքշել ու փորձել էր լրագրողի ձեռքից խլել տեսախցիկը, այնուհետև, ֆիզիկական ուժի գործադրմամբ, ՀԱԿ ակտիվիստներին բերման էին ենթարկել Կենտրոնականի բաժին: Այստեղ նրա ձեռքից վերցրել էին տեսախցիկը, իսկ երբ Անին հեռախոսով «Սիվիլնեթին» հարցազրույց էր տվել, սենյակ էր մտնել Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը և, ապտակելով լրագրողին, հեռախոսը խլել էր ձեռքից:
Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա փետրվարի 24-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր. 164-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, և 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Լրագրողից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է ստացել գործը։ Անին նախ ասաց, որ ոստիկանությունում փաստի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, և որ բոլորն այդ գործով որպես վկա են հարցաքննվում. թե՛ ինքը, թե՛ ՀԱԿ ակտիվիստները, թե՛ «ilur» կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը, թե՛ միջադեպին մասնակցած հանրապետականները։ Իսկ թե ով է խուլիգանություն արել, ում դեմ է հարուցված գործը, դեռևս պարզ չէ, թեև դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս։ «Իսկ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործով դեռևս ես որևէ կարգավիճակ չունեմ»,- ասում է Անին։ Բացի քրեական գործի վարույթը, Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որը երկու շաբաթ առաջ կասեցվել է, պատճառը ՀՔԾ-ի հարուցած քրեական գործն է, քանի որ ՀՔԾ-ն և ոստիկանությունը միևնույն ժամանակ չեն կարող նույն գործը քննել, ոստիկանությունը պետք է սպասի, տեսնելով՝ ՀՔԾ-ն ոստիկանների գործողություններում մեղք գտնում է, թե ոչ, ապա նոր կորոշեն, թե ինչ անել ծառայողական քննության հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































