Հուլիսի 7-ին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զիանոլ Աբիդին Բին Օմարին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին՝ փոխնախարար Ղազինյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ ՀՀ-ում Մալայզիայի դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-մալայզիական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար:
Դեսպանըշնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, և իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք կարևորվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների մշտական ներկայացուցչությունների մակարդակով կանոնավոր շփումները:
Զրույցի ընթացքում փոխարտգործնախարարը և դեսպանն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցերի: