Ռուսական կողմը մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններում փորձել է ապատեղեկատվություն տարածել, ազդեցություն ունենալ ընտրողների մասնակցության և նախընտրությունների վրա։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) դիտարկման մեջ, որը պետք է հրապարակվի հունիսի 14-ին՝ հաղորդում է Financial Times-ը:
«Կայուն ապատեղեկատվական գործունեության» մասին վկայում է սոցիալական ցանցերում ակտիվությունը՝ նշվում է փաստաթղթում: ԵՀ-ն նշում է, որ շահագրգիռ կողմերը, «մասնավորապես, ռուսական աղբյուրների հետ կապված», փոխել են ծավալը և մեծածավալ գործողություններից անցել են փոքրածավալ գործողությունների: Նշվում է, որ ռուսական որոշ աղբյուրների գործողությունները «ընդգրկում են մի շարք թեմաներ (…) մինչև միգրացիայի և ինքնիշխանության հարցերում վիճահարույց բանավեճերի կիրառումը»:
Որպես ապատեղեկատվության օրինակ մեջբերվում է Փարիզի Աստվածամոր տաճարի օրինակը, որն օգտագործվում էր ցույց տալու համար «Արևմուտքի և քրիստոնեական արժեքների ենթադրյալ անկումը ԵՄ-ում»: Եվրահանձնաժողովը համարում է նաև, որ նրանք փորձել են ազդել եվրոպացիների մտքերի վրա՝ օգտագործելով Ավստրիայում տեղի ունեցած քաղաքական սկանդալը: Ընդհանուր առմամբ փորձագետները ուշադրություն են դարձրել արմատական հայացքների վերամշակման փորձերին:









































