«Բարգավաճ Հայաստանի» պայքարը կառավարության հասնելու նպատակ չունի, ԲՀԿ ցանկությունն է Հայաստանում տեսնել կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչ իրենք կհայտարարեն:
Մարտի 14-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ իրենք չափորոշիչներ կհայտարարեն դեռ ու կասեն՝ այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել: Իսկ թե ով կղեկավարի՝ դա առաձին հարց է, քննարկման հարց, սակայն չորս ուժից որևէ մեկը անձերի խնդիր չի դնում:
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն համաձայն կլինի՞ կառավարության ղեկավարի պաշտոնին տեսնել ՕԵԿ-ին՝ Մարգարյանը պատասխանեց, որ դա պետք է դեռ քննարկել: Իսկ եթե ամեն դեպքում կառավարության փոփոխության դիմի իշխանությունը, հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն պայքարը դադարեցնի, համարի ավարտված: ԲՀԿ-ական պատգամավորը, ի պատասխան, նշեց, որ իրենք ուզում են ունենալ մի կառավարություն, որն ադեկվատ է հասարակական պահանջներին, այն խնդիրներին, ինչի առաջ կանգնած է երկիրը։ «Եթե այս կառավարությունը կաշխատի, և մենք վստահ ենք, որ հնարավոր է դա անել, որ ազգային անվտանգություն դարձած խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն, նորմալ ենք գնահատում, իսկ ինչպիսին կլինի հետագայում՝ դա ժամանակը ցույց կտա. որևէ պայման, որևէ խնդիր ու չլուծված արգելք մենք չենք տեսնում»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ իրենք ցանկանում են՝ երկիրը գնա զարգացման տանող ուղով:









































