Աշխարհաքաղաքական տեսանկյունից Ղրիմի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են եկել ներուկրաինական ճգնաժամի շրջանակներից: Ներկայում հակամարտությունը միջազգային բեմահարթակում ընթանում է Ռուսաստանի, որն աջակցում է Ուկրաինայից անջատվելու ինքնավարության ձգտմանը, և Արևմուտքի երկրների (ԱՄՆ և Եվրամիություն) միջև, որոնք փորձում են զսպել ՌԴ-ի կայսերական նկրտումները: Սակայն այս իրավիճակում հաղթող կարող է դառնալ անսպասելի կողմը՝ Չինաստանը՝ գրում է Foreign Policy ամսագիրը:
Հավանականություն կա, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները շահավետ կլինեն Չինաստանի համար և կվնասեն Վաշինգտոնին: Առաջին հերթին Ղրիմի թերակղզում իրավիճակի սրումը կարող է միացնել Ռուսաստանին և Չինաստանին, ինչը հոդվածագրի կարծիքով՝ ամենագլխավոր վտանգներից մեկն է ԱՄՆ-ի համար: Ռուսաստանի համար դա շահավետ է այն պատճառով, որ վերջինիս հարավարևելյան լանջն այժմ նույնքան խոցելի է, որքան արևմտյանը:
Եթե Ռուսաստանն անեքսիայի ենթարկի Ղրիմը, և բոլորը տեսնեն, որ դրա համար շատ թանկ գին չվճարեց, ապա ինչ-որ մեկը Չինաստանում տեղի ունեցածը կընկալի որպես «կանաչ լույս»՝ սեփական տարածքային հավակնություններն առաջ տանելու համար:
Եվ վերջապես՝ ստեղծված իրավիճակում Չինաստանի շահը կայանում է նրանում, որ Օբաման Եվրոպային կնվիրի իր նախագահական ժամկետի զգալի մասը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ուկրաինայի իրավիճակը համեմատաբար շուտ լուծում ստանա, իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերջնականապես չեն խզվի, սակայն կվատանան: Այս պատճառով ԱՄՆ-ն այսքան ուշադիր չի հետևի Ասիային, որի շնորհիվ Չինաստանը ազատ մանևրելու հնարավորություն կունենա:
Սակայն կանխատեսումները հեշտությամբ կարող են չկատարվել: Հոդվածագիրը նշում է, որ Չինաստանը կարող է անկայուն զգալ իրեն ուկրաինական իրադարձությունների պատճառով, մի կողմից՝ այն պատճառով, որ պետության քաղաքականության հիմնասյուներից մեկն այլ երկրների ներքին գործերին չմիջամտելն է, մյուս կողմից՝ Չինաստանն ալերգիա ունի անջատողական շարժումներից:
Եթե Ղրիմին թույլատրվում է քվեարկել անկախության համար, ապա ինչո՞ւ չի կարող նույն բանն անել Տիբեթը: Մեկ այլ կարևոր պահ՝ Ուկրաինայում տևական ճգնաժամը կարող է վատ անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա, ինչը կարող է ազդել նաև Չինաստանի վրա, որի տնտեսությունն այժմ դանդաղում է՝ ասվում է հոդվածում:








































