Վենեսուելայում ընդդիմությունը ներկայացրել է 5 պայման՝ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Դեմոկրատական միության դաշինքի հայտարարությանը:
Համաձայն փաստաթղթի՝ իշխանությունները նախևառաջ պետք է ազատ արձակեն «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին:
Երկրորդ պայմանը «ռեպրեսիայի բոլոր զոհերի համար արդարադատությունն է», ինչպես նաև զանգվածային հանրահավաքների ժամանակ բոլոր հանցագործությունների «անկախ հետաքննությունը»:
Որպես երրորդ պայման՝ ընդդիմությւնը պահանջում է «չեզոքացնել սովը, ապրանքների համար հերթը և դրանց դեֆիցիտը»: Բացի այդ, ընդդիմությունը պահանջում է նաև վերջ դնել երկրում տեղի ունեցող հանցագործություններին՝ երկրում ամրապնդելով անվտանգությունը:
Նիկոլաս Մադուրոյին առաջադրված վերջին պայմանը «օրվա հստակ օրակարգով ուղիղ երկխոսությունն է», ինչպես նաև «ընդդիմությանը և իշխանությանը հավասար քանակությամբ ուղիղ եթերի տրամադրումը»:






































