ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Ուկրաինայի օգնության հստակ նախաձեռնություններն ու միջոցառումները, որոնք քննարկվել են պետքարտուղար Ջոն Քերիի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպման ժամանակ: Փաստաթուղթը տեղադրվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Մենք մտադիր ենք վերսկսել Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի գործունեությունը կառավարական մակարդակով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խորացնելու գործընկերային հարաբերությունները միջուկային անվտագության և միջուկային զենքի չտարածման ոլորտում, քաղաքական երկխոսությունում, օրենքի գերակայության, էներգետիկ անվտանգության ոլորտներում, ինչպես նաև համագորակցությունն անվտանգության, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասվում է փաստաթղթում:
Բացի դրանից՝ Վաշինգտոնում ծրագրված է ամերիկա-ուկրաինական բիզնես գագաթնաժողով:
Առևտրի նախարարությունը ԱՄՆ Առևտրային ներկայացուցչության հետ համատեղ կստեղծի Ինովացիոն խորհուրդ, որը կկենտրոնանա համակարգի մշակման վրա, որն անհրաժեշտ է ձեռնարկատիրության աճի, Ուկրաինայում ինովացիաների համար ենթակառուցվածքի զարգացման համար: Առևտրի նախարարության բարձրաստիճան անձանց պատվիրակությունը կուղևորվի Կիև՝ աշխատանքային հարաբերություններ հաստատելու Ուկրաինայի կառավարության առանցքային ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ ՊՆ-ն հաջորդ ամիս պաշտպանական հարցերով երկկողմ խորհրդակցություններ կանցկացնի ուկրաինացի գործընկերների հետ:
Պետդեպում նաև հիշեցրել են, որ Արդարադատության նախարարության և FBI-ի ներկայացուցիչների խումբն արդեն աշխատում է Ուկրաինայում՝ նախկին պաշտոնյաների կողմից գողացված միջոցների ծավալը պարզելու նպատակով:
Զուգահեռաբար, ԱՄՆ-ը խորհրդատվական օգնություն կցուցաբերի Ուկրաինայի ֆինանսների նախարարությանն ու Ազգային բանկին՝ կարճաժամկետ տնտեսական խնդիրների լուծման համար:









































