Երբ ես նայում եմ աշխարհին, չեմ ուզում ասել, որ նույն աստվածաշրնչյան ջրհեղեղի առասպելական ողբերգությունն է վրա հասել, բայց ես տեսնում եմ ջրհեղեղի նախանշաններ շատ տեղերում՝ նաեւ բնության մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք վատ ենք վարվում մեր բնության հետ, ինչը հիշեցնում է մեզ, որ արդեն որոշակի ջրհեղեղ է վրա հասնում: Եթե նայենք աշխարհաքաղաքական իրավիճակին, աշխարհով մեկ անորոշություն է տիրում: Աշխարհը նաեւ հեղեղված է նոր գաղափարներով, կամ հին գաղափարներով, որոնք նորից են երեւան եկել, գաղափարներ, որոնք հին գաղափարներից են ձեւակերպվել: Պոպուլիզմը, կեղծ լուրերը մեծ տարածում են գտել, նաեւ տարածված է թյուրըմբռնումը: Մենք ավելի ու ավելի շատ ենք կորցնում վստահությունը երկխոսության նկատմամբ»,-ընդգծեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ մեկնարկած գաթնաժողովը հենց տապանի պես է:








































