Մարտի 1-ի քրեական գործի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ի թիվս մի շարք դիտարկումների և հարցերի, անդրադարձան նաև դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում տեղեկությունը, թե ինքը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան հրավիրվել էր կառավարություն. «Կառավարությունից զանգ է եղել, հրավիրել են կառավարության շենք խորհրդակցության, գնացել եմ այնտեղ, մնացել մոտ 30 րոպե՝ տեսնելով, որ խառնաշփոթ իրավիճակ է, թողել եմ ու գնացել, ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել»։
Արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ օլիգարխները մասնակցություն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին: Ս. Սաֆարյանի խոսքով՝ քրեական գործով հիմնավորված է, որ Կառավարության շենքի մոտ կեսօրին արդեն հավաքված են եղել օլիգարխներ Լևոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, նրանց թիկնապահները և մտերիմ այլ անձինք. «Փաստահավաք խումբը իր տրամադրության տակ ունեցել է այդ մասին վկայող տեսանյութեր: Քրեական գործով բավարար չափով հիմնավորված է, որ այդ օլիգարխների թիկնապահները կեսօրին հագել են զինվորական համազգեստ, մեքենայով բերվել և բաժանվել է զինվորական համազգեստ և զենք: Կան առերեսվող հարցաքննություններ գործով, առերեսման ընթացքում պնդել են, որ այդպիսի իրադրություն է եղել»:
Փաստաբանի հավաստմամբ՝ ցուցմունքներ կան, որ Լեռնային Ղարաբաղից բերված և Կենտրոնական հավաքակայանում և Կառավարության շենքի առաջին հարկում գտնվող զինվորականներին և այլ զինված խմբերի օլիգարխներն են սննդով ապահովել՝ Գ. Ծառուկյանը, Ս. Ալեքսանյանը:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը շատ ընդգրկուն է, և գնալով ավելի շատ հանգամանքների մասին ենք տեղեկանում, շատ հանգամանքներ, որոնց մասին նախկինում խոսվում էր, այժմ դառնում են փաստարկված հանգամանքներ. «Վստահ եմ՝ տեսնելու ենք հանցագործությունների բացահայտումը…»:
Ս. Սաֆարյանի խոսքով՝ ցուցում է եղել, որ եթե գործը մտնի փակուղի և անհրաժեշտություն լինի, մի քանի հոգի պետք է սպանությունները ստանձնեն. «Այս հարցը քննարկվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի տղաների հետ, սպանությունները ստանձնող ոստիկաններին օլիգարխները պետք է վարձատրեին 200 000 դոլար: Այս մասին ցուցմունքներ կան»:
«Արդեն անկասկած է, որ Մարտի 1-ի բոլոր սպանությունների հետևում կանգնած են բարձրաստիճան սպաներ»,- ընդգծեց Ա. Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































