Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր բարձրագույն պարգևը՝ «Խղճի դեսպան-2019» կոչումը շնորհել է 16-ամյա շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգին և նրա՝ շրջակա միջավայրի պաշտպանության շարժմանը: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում:
Պատանի շվեդուհին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց, երբ 2018 թվականի օգոստոսին միայնակ «դպրոցական գործադուլ» սկսեց Ստոկհոլմում, խորհրդարանի շենքի առջև: Նա հայտարարեց, որ ուրբաթ օրերին դպրոց չի հաճախի մինչև որ շվեդ քաղաքական գործիչները չսկսեն կատարել Վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները: Գրետա Տունբերգին հրավիրել են հանդես գալ ՄԱԿ-ի՝ Կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա հազարավոր դպրոցականների է ոգեշնչել ամբողջ Եվրոպայում, հետևելով իր օրինակին՝ փողոցներ դուրս գալ կլիմայի փոփոխության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Աղջկան անվանակարգել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Խղճի դեսպանը» Amnesty International-ի բարձրագույն պարգևն է, որը շնորհում են այն մարդկանց, որոնք առաջնորդի իրենց բացառիկ որակներն ու խիզախությունն են ցուցաբերել հանուն մարդու իրավունքների: Ես չեմ կարող ավելի լավ դափնեկիր պատկերացնել այս տարի, քան Գրետա Տունբերգն է և Fridays for Future («Ուրբաթ օրերը՝ ապագայի համար») բողոքի շարժումը, որը կոչ է անում՝ կանխել կլիմայական փոփոխությունները»,-կայքում մեջբերված են Amnesty International-ի գլխավոր քարտուղար Կումի Նայիդոոյի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































