Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Իսրայելի և Պաղեստինի առաջնորդներին կոչ է արել վճռական քայլեր իրականացնել և ռիսկի դիմել՝ «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքն իրագործելու համար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Կարծում եմ՝ եկել է այն պահը, երբ Իսրայելի և Պաղեստինի առաջնորդները պետք է վճռական քայլեր կատարեն և որոշակի ռիսկերի դիմեն՝ հասնելու համար «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը»,- ասել է Քեմերոնը Երուսաղեմում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանակցություններին:
Պերեսն իր հերթին հայտարարել է, որ այսօր արաբները և հրեաներն ունեն կա՛մ խաղաղ Մերձավոր Արևելք ստեղծելու, կա՛մ տարածաշրջանը պայթեցնելու հնարավորություն:
«Կային ժամանակներ, երբ ընտրություն չկար, սակայն այժմ այն կա, և մենք (Իսրայելը) կատարել ենք մեր ընտրությունը հօգուտ խաղաղության, որը հիմնված է փոխզիջման, «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի վրա»,- հավելել է Պերեսը:











































