ԱՄՆ Օհայո նահանգում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրասնպորտային պատահար. 50 մեքենա միմյանց են բախվել, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ հաղորդում է Associated Press-ը:
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ բանուկ ավտոմայրուղու վրա, որը կապում է Տոլիդո և Քլիվլենդ քաղաքները: Մայրուղու երթևեկությունը ժամանակավորապես փակվել է: Դեպքի հետևանքով գոյացել է 12 կմ երկարությամբ խցանում:
Ինչպես նշում է գործակալությունը, վթարի պատճառը անբարենպաստ եղանակն էր. չորեքշաբթի այս շրջանում ուժեղ ձնաբուք է եղել:
Տուժածների թիվը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ ծայրահեղ վիճակում է գտնվում դեպքի վայր ժամանած պարեկը, որը մնացել է միմյանց բախված երկու ավտոմեքենաների միջև:









































