Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ «առանց Ուկրաինայի Մաքսային միության մասին` որպես արդյունավետ տնտեսական համակարգի չարժե խոսել»:
«Ուկրաինայի դերը Մաքսային միությունում կարևոր էր: Այն որպես տնտեսական կառույց, միություն չի կարող լինել արդյունավետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ տնտեսագետը: Մեր հարցին` Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր պատերազմի դեպքում Մաքսային միությունը կկայանա՞, թե՞ ոչ, Վ. Խաչատրյանն ասաց. «Համենայնդեպս, այժմ գնում է կայանալու գործընթացը, հայտարարություններն այդ ուղղությամբ են արվում»: Ըստ նրա` Ղրիմի գործոնը այսօր արդեն իր բացասական ազդեցությունն ունի Ռուսաստանի տնտեսության վրա, հետևաբար դա արձագանք կունենա, մնացած երկրների տնտեսությունների վրա էլ կունենա, և դա արդեն զգացվում է: «Խորացման դեպքում, Աստված հեռու տանի, եթե ռազմական գործողություններ լինեն, վիճակը կվատանա` հաշվի առնելով հայտարարությունները, որ հնչում են այսօր միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների կամ երկրների կողմից»,- նկատեց տնտեսագետը:
Մեր հարցին` ԱՄՆ պատժամիջոցների պարագայում, երբ Ռուսաստանի ռուբլին ու տնտեսությունը բավականին ցածր դիրքերում կհայտնվեն, Մաքսային միությունում լինելը արդյո՞ք ձեռնտու կլինի Հայաստանին, և դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն ասաց. «Տնտեսությունը չի կարող կողքից նայել: Ինչպես տեսանք, Ղրիմի հետ կապված` բորսաներում անցյալ շաբաթ ռուսական արժեթղթերը մինչև 20 տոկոս արժեզրկվեցին: Ռուսաստանի վատ վիճակն ու բացասական հեռանկարները միանշանակ իրենց բացասական ազդեցությունը կունենան Հայաստանի տնտեսության վրա, որովհետև տնտեսական առումով մենք մեծ կախվածություն ունենք ռուսական տնտեսությունից` հաշվի առնելով ռուսական ընկերությունների ներկայությունն էստեղ և Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալները, նաև զուտ որպես գործընկեր»:
Թե պատերազմի դեպքում մոտավոր որքան է հնարավոր բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, Վ. Խաչատրյանը դժվարացավ ասել. «Եթե պատերազմ լինի, մենք կունենանք և՛ գնաճ, և՛ եկամուտների պակասեցում, նույնիսկ հնարավոր է առանձին ապրանքների դեֆիցիտ ունենանք: Տնտեսությունը պետք է պատրաստվի ամենավատ սցենարին, եթե հնարավորություններ ունի: Բայց դա էլ է դժվար: Դրա համար և ֆինանսներ են պետք, և պետք է տնտեսությունն ավելի աշխատող լինի, բայց ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում չկա»:
Մինչդեռ Հայաստանի կառավարությունն այսօր ակտիվ պատրաստվում է ինտեգրվել Մաքսային միությանը: «Այդ միջոցառումները միտված են նախկին պայմանավորվածությունների կատարմանը` «ճանապարհային քարտեզի»: Նոր իրավիճակի որևէ արձագանք դեռևս Հայաստանի իշխանությունները չեն ցուցաբերել: Նոր իրավիճակի հետ կապված ես չեմ տեսնում որևէ քայլ, որ կատարվում է այսօր»,- ասաց տնտեսագետը:
Ըստ Խաչատրյանի` խնդիրը պետք է լինի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելը: «Բայց խնդիրն այսօր Հայաստանը չի կարող լուծել, որովհետև մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանից եկող տրանսֆերտներից, էստեղ տեղակայված ռուսական ընկերությունների ներդրումներից, դեպի Ռուսաստան արտահանումերից: Նույնը վերաբերում է նաև Եվրոպային, բայց եթե մենք ունենայինք ավելի մրցունակ տնտեսություն, ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն, այդ դեպքում հնարավորություն կլիներ մի տեղ տուժելով` մի տեղ շահել: Սակայն այսօր նման բան չկա»:








































