Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն:
«Մենք պետք է յուրաքանչյուր ուկրաինացու պատմենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան էլ սարսափելի չէ: Երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն, մենք անպայմանորեն այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, և Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,- ասել է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում:
Զելենսկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն է, որն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: «Դա մեր ընտրությունն է և մեր ուղեգիծը: Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն է, դա ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն է և մեր բանակի մակարդակը»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:












































