Ղրիմի իշխանությունները մեղադրում են ԵԱՀԿ-ին ինքնավարության նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման մեջ: Այս մասին հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա հիշեցրել է, որ երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է այն մասին, որ կազմակերպությունը չի ընդունում մարտի 16-ին հանրաքվեի մոնիտորինգ անցկացնելու վերաբերյալ Ղրիմի իշխանությունների հրավերը, ինչպես նաև հանրաքվեի անցկացման փաստը համարում անօրինական:
«Ես կցանկանայի հիշեցնել, որ երբ 2010 թվականի հուլիսին Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննարկում էր իրավիճակը՝ կապված Կոսովոյի անկախության հայտարարման հետ, ԵԱՀԿ-ն ոչ միայն մասնակցեց հանրաքվեին, այլև աջակցեց համապատասխան որոշման ընդունմանը»,- ասել է Թեմիգալիևը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն Կոսովոյի անկախության մասին հանրաքվեի մոնիտորինգին մասնակցելու որոշում է ընդունել առանց կենտրոնական սերբական իշխանությունների հրավերի:






































