Սան Ֆրանցիսկոյի շրջաններից մեկում հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է անավարտ բարձրահարկ շինությունը: Տեղի իշխանությունների տվյալներով՝ կրակի մարման գործում ներգավվել է 150 հրշեջ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Իրավիճակը խորացրել է այն փաստը, որ կառուցվող շենքում դեռևս տեղադրված չեն եղել հրդեհամարման համակարգեր: Ինչպես վկայում են ականատեսները՝ կրակը մի քանի տասնյակ մետր վեր է բարձրացել, այդ իսկ պատճառով հարակից շինությունների բնակիչները տարհանվել են:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:









































