«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
-Պարոն Հայրապետյան, ի՞նչ կարծիք ունեք ոչ իշխանական 4 ուժերի հնարավոր համախմբման վերաբերյալ: ԲՀԿ առաջնորդի կողմից առաջարկ է հնչել նաև արտախորհրդարանական կուսակցություններին: Ձեզ համար ընդունելի՞ է արդյոք համագործակցության այդ տեսակը, կարծում եք՝ համախմբումը կարո՞ղ է իշխանափոխության հանգեցնել, թե՞ դրա համար պայքարի այլ մեթոդներ եք տեսնում:
-Ինչպես անգլիացի պահպանողականներն էին ասում, չի՛ կարելի վատը մեկ այլ վատով փոխարինել: Մենք հրաժարվում ենք վատի և վատթարի միջև ընտրության հայկական դարավոր կանոնից: Նաև՝ իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց: Իսկ Հայաստանում, ցավոք, նպատակի օրակարգ սահմանված չէ:
-Եթե նույնիսկ հնարավոր համարենք այդ ուժերի միջոցով իշխանափոխոթյան հասնելը, կարծում եք՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առումով փոփոխություն կլինի՞, թե՞ Մաքսային միությունն այլևս կայացած փաստ է մեզ համար:
-Հայաստանը չուներ և չունի արտաքին քաղաքականություն: Արտաքին քաղաքականություն ունենում են այն երկրները, որոնց իշխանությունները դրածո չեն:
-Ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման վերաբերյալ քննարկումները հենց այս ժամանակաշրջանում տանելը կարո՞ղ ենք պայմանավորել դրսի հետ՝ Ռուսաստան-Ուկրաինա զարգացումների, Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության փոփոխության հետ: Հնարավո՞ր է այս ամենից հետո Ռուսաստանն այլ քաղաքականություն վարի նաև այստեղ՝ Հայաստանում:
-Հակաբնական է Հայաստանում քաղաքական ուժերն իշխանականի և ոչ իշխանականի բաժանելը: Հայաստանում եղել են և կան ոչ լուսանցքային, այսինքն՝ գործակալական «քաղաքական» ուժեր, և լուսանցքային քաղաքական «ուժեր», այսինքն՝ երկրի գործընթացների վրա ուղղակի ազդեցություն չունեցող խմբեր: Առաջինները, անշուշտ, իրենց վարքը ստիպված կլինեն առավել անվրեպ պայմանավորել իրենց սուզերենի հրահանգներով, իսկ երկրորդների վարքից գոնե առայժմ ոչինչ կախված չէ: Որպեսզի տարընթերցում չստացվի, պարզաբանեմ, որ պահպանողականներս եղել ենք և կանք լուսանցքային. և դա պատիվ ենք սեպում:
-Ի վերջո, մենք տարբեր ժամանակաշրջանում կոնսոլիդացիայի այլ օրինակներ ենք ունեցել՝ շատ ավելի լայն տարբերակով, ըստ Ձեզ՝ ո՞րն է հաջողության բանալին, որ տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվում գտնել, գուցե իշխանությո՞ւնն է մշտապես քայլ առաջ հաշվարկում:
-Նայած, թե ով ինչ է պատկերացնում հաջողություն ասելով: Եթե հաջողությունը իշխանությունը գլադիատորական կռվում խլելն է, ապա դա անիմաստ է և անհետաքրքիր: Այդպես իշխանությունը մի անգամ խլվել է 1998-ին, մի անգամ՝ 1999-ին, բայց իրապես էական ոչինչ չի փոխվել և փոխվել չէր կարող: Կրկնեմ, առնվազն մեզ համար խնդիրն իշխանափոխությունը չէ, այլ քաղաքակրթական ընտրանքը, որի հրամայականի առջև ոչ հեռու ապագայում կկանգնեցնեն Հայաստանին, որի քաղաքական դասակարգն ինքնուրույնաբար չզորեց դրա գոնե ուղենիշներն ուրվագծել վերջին 24 տարում:








































