Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի՝ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ ունեցած հանդիպումներին, նշեց, որ դրական է վերաբերվում դրանց, քանի որ դա բնական գործընթաց է: «Մեկ անգամ չէ, որ Հանրապետականն ասել է՝ մենք առողջ ընդդիմության, ոչ իշխանական առողջ համախմբման կողմնակից ենք, գաղափարական պայքարի կողմնակից և կարծում ենք, որ եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, գուցե չեն բացառվում, որ առաջին քայլերը կատարենք դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ Ամերիկյան դեմոկրատներ ու Հանրապետական: Դե, մեզ մոտ արդեն Հանրապետականը մի բևեռ է»,- ասաց նա՝ չբացառելով, որ երկրորդ բևեռը կազմեն մյուս կուսակցությունները: Օրինակ՝ եթե ՀԱԿ-ը, գուցե «Ժառանգություն»-ը կամ ՀՅԴ-ն միանան ԲՀԿ-ի հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Շարմազանովի կարծիքով՝ ում նկատի ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ նախօրեին ՀԱԿ-ի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշ մարդկանց մոտ այս հանդիպումներից առողջական խնդիրներ են առաջացել: ԱԺ փոխնախագահը նշեց, որ դժվարանում է ասել՝ ում նկատի ուներ նա: «ԲՀԿ-ական գործիչներին հարցրեք՝ ում նկատի ուներ, համենայնդեպս, մենք շատ դրական ենք վերաբերվում նման համախմբումներին: Դրանք կարող են հանգեցնել, որ լինեն երկու բևեռներ, և մյուս բևեռում ավելի փոքր կուսակցություններն առաջին քայլը կատարեն՝ միանալով «Բարգավաճին»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































