Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդի ազատության կուսակցության» համանախագահ Բորիս Նեմցովին 6 ամսով արգելեցին լքել երկիրը: Արգելքի համար հիմք է հանդիսացել գործարար Գենադի Տիմչենկոյի հայտարարությունը, որը պնդում է, որ դատարանի որոշումը, համաձայն որի Նեմցովը թերթում պետք է հերքեր գործարարի և Վլադիմիր Պուտինի ընկերական կապը, գրված է եղել մանր տառաչափով: Այս մասին հաղորդում է Коммерсант-ը:
Հուլիսի 5-ին դատական կատարածուները որոշել են, որ դատարանի որոշումը սահմանված ժամկետներում չի կատարվել, հետևաբար կիրառվում է երկիրը վեց ամսով չլքելու արգելքը: Այժմ Նեմցովը գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է Եվրախորհրդարանի նիստին:
Նեմցովը երեկ ասել է, որ ինքը ենթարկվում է հետապնդումների իր քաղաքական գործունեության համար. «Սա առաջին դեպքն է հետխորհրդային Ռուսաստանում, երբ մարդուն քաղաքական դրդապատճառներով զրկում են երկիրը լքելու իրավունքից»,- ասել է նա: