Գերմանացի պատմաբան Մարի Սոֆի Հինգսթը, որը ստացել է «տարվա բլոգեր» կոչումը հոլոքոստի ժամանակ զոհված իր տատիկի մասին պատմության համար, հորինել է իր հրեական ծագումը, հաղորդում է Der Spiegel ամսագիրը:
Պարբերականը գրում է, որ բլոգերը ոչ միայն հորինել է իր հրեա նախնիներին, այլև հոլոքոստի 22 գոյություն չունեցող զոհերի ցուցակ է ուղարկել Երուսաղեմի «Յադ Վաշեմ» հուշահամալիր: Խարդախությունը հայտնաբերվել է Գերմանիայի Շտրալզունդ քաղաքի արխիվի աշխատակիցների կողմից: Նրանք պարզել են, որ Հինգսթի պապը եղել է բողոքական քահանա, իսկ նրա կինն աշխատել է որպես ատամնաբույժ և նույնպես բողոքական է եղել:
Մարի Սոֆի Հինգսթն իր «Read on my dear, read on» անվանումով բլոգը սկսել է վարել 2013 թ.-ից Դուբլինում՝ պրակտիկայի ժամանակ: Այնտեղ պատմաբանը հաճախ խոսել է իր հրեա տատիկի և այլ հարազատների մասին, որոնց մեծ մասը մահացել է հոլոքոստի ժամանակ: 2017 թ.-ին աղջիկը պարգևատրվել է «տարվա բլոգեր» կոչումով: Այժմ Հինգսթի հրապարակումներով կայքն անհասանելի է:
Բլոգերը խոստովանել է խարդախության մասին, սակայն հայտարարել է, որ հրեա հարազատների մասին պատմություններ հորինելով նա չի ձգտել նյութական շահի, այլ պարզապես «փորձել է դուրս գալ Դուբլինում իրեն համակած ընկճախտից»:









































