ԱՄՆ-ում 10 կգ կշռող տնային կատուն հարձակվել է երեխայի վրա, ապա ննջարանում արգելափակել իր տերերին: Մոլեգնած կենդանուն հանգստացնելու համար ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Այս մասին գրում է Reuters-ը:
Փորթլենդ քաղաքի ոստիկանությունում հայտնել են, որ անցյալ կիրակի մի տղամարդ զանգահարել և խնդրել է իրեն ու իր ընտանիքին փրկել գազազած կատվից:
Նրա խոսքերով` Լաքս անունով կատուն, որն արդեն մի քանի տարի է ապրում է նրանց ընտանիքում, ճանկռել է տիրոջ 7 ամսական որդու դեմքը: Ընտանիքի հայրը հարվածել է կատվին, ինչից էլ գազազած կենդանին ստիպել է նրան` կնոջ, երեխայի և շան հետ փակվել սենյակում:
Ոստիկանությունում նշում են, որ նույնիսկ հեռախոսով լսվում էր սենյակի դուռը ճանկռող կատվի ձայնը:
Տուն մտնելով` սպաները մեկուսացրել են նրան, չնայած, որ ընտանիքի անդամները չեն պատրաստվում հրաժարվել կատվից:










































