«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ դեռ 1996 թվականին, երբ այս օրենքը ընդունվեց, եղել է համահեղինակներից մեկը, երեք տարի աշխատել է, քսան երկրի նախագիծ է ուսումնասիրվել, կարծում է, որ գովազդը շատ կարևոր է, այն շուկայական տնտեսության պարտադիր, կարևոր բաղադրիչներից է:
«Որպես շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչ՝ այն հակացուցված է մենաշնորհներին: Եթե շուկայի համակարգում կան աղաղակող թերություններ, ապա դա միայն հետևանք է այս դաշտում մոնոպոլ դրսևորումների հետ: Կան մի շարք ակնհայտ թերություններ, որոնցից մեկ-երկուսի մասին ասեմ: Գովազդի ձայնը՝ հեռուստատեսության մեթոդը՝ գովազդի ժամանակ ձայնը բարձրացնել, հակաառողջապահական է, այն մարդու մեջ սթրես է առաջացնում, քնած մարդուն կարող է արթնացնել, հիվանդ մարդուն սթրեսի մեջ գցել, որքան ուզում ես ասա, չեն հասկանում: Գովազդների մեծ մասը երեխաների համար է հակացուցված. նույն ապրանքը գովազդել մեկ րոպեում երեք անգամ, հակառակ էֆեկտն է տալիս կամ անճաշակ գովազդները՝ «կանացի վարսավիրանոց», «տղամարդու կաշվից կոշիկ»…»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կարգի անգրագիտությունները, անճաշակությունները լեցուն են, որևէ մեկը չի կարողանում խելքի բերել: Այսինքն՝ փող են ծախսում տղամարդու կաշվից կոշիկ գովազդելո՞ւ համար:
Պատգամավորը նկատեց՝ անգամ արտագաղթն է գովազդվում, ներկայացվում են ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, որոնցով կարելի է սննդով, զուգարանով, մատչելի գնով, հարմարավետ գնալ Ռուսաստանի ցանկացած քաղաք, փաստորեն՝ Հայաստանից արտագաղթումը, տեղահանումը կարելի է գովազդել:
«Ա՛յ պետություն, դե գնա, գովազդի մարդու արտահանումը, էս ա՞: Այն լավ էմոցիա պետք է տա նայողին, մեզ մոտ լրիվ հակառակն է, հայկական գովազդը լրիվ հակագովազդ է:
Ես Արմեն Ամիրյանից ստացա գովազդի թվերը, ներկայացրել են իրականության համեստ մասը. երկու մատյան են պահում, մեկը՝ հարկայինի, մեկը՝ հաճախորդի համար, ես առաջարկում եմ Երևան-Էջմիածին, Երևան-Վանաձոր, Երևան-Արտաշատ ճանապարհներին նայել գովազդային մեծ վահանակները. երկու երեք տարի առաջ լիքն էին, հիմա չկա գովազդ, ժողովուրդ, որովհետև այն մենաշնորհված է, միայն մեկ հոգի է որոշում: Կա մեկ մարդու ազդեցության խնդիր: Խորհրդարանը, ցավոք, ուզում է ամրացնել մեկ մարդու քմահաճույքը, ցանկությունները»,- ասաց նա:
Մանուկյանը նկատեց՝ Ռուսաստանը խմիչքի գովազդն արգելել էր, հիմա ինչ է թե՝ Մաքսային ենք մտնում, այն պիտի արգելե՞նք կամ ի՞նչ են գովազդելու՝ «Լուսա՞ստղ», որի գինը հինգ-վեց հարյուր դրամ է:
Պատգամավորը նշեց, որ «Լուսաստղ» խմում են այն մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են, խմում են, որ հարբեն, ուրեմն՝ գովազդում են, որ թունավորե՞ն մարդուն: ՀԱԿ անդամը նկատեց՝ հակապետական բաներ են անում, ի վերջո, ընտանիքներ ունեն, գնում են, ասեն՝ «ոնց Գալուստ Սահակյանն ասեց, նենց ենք քվեարկե՞լ»: «Հերիք ա, էլի: Քվեարկեք այնպես, ոնց դուք եք մտածում: Դեպուտատ եք, ախր, ձայն եք հավաքել, մի քիչ ինքնուրույն քվեարկեք: Մի քիչ թասիբ թող մեջներդ առաջանա, ո՞նց կարելի է սա քվեարկել»,- ասաց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































