Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 2019 թ. առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների վերաբերյալ հայտարարել էր, որ «2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին. թափ ենք հավաքում»: Նույն այդ ժամանակահատվածի համար ունենք նաև 7,1 տոկոս աճ, սակայն ՀՆԱ-ն կամ ՏԱՑ-ը իրականում որքանո՞վ կարող են հաջողության կամ ժողովրդի բարեկեցության բարձրացման չափանիշ լինել: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը մասնավորապես ասաց. «Այստեղ գլխավոր խնդիրն ինչն է. պարբերաբար,- որովհետև դա առաջին դեպքը չէ,- Փաշինյանը փորձում է այդ ցուցանիշով ցույց տալ, որ դրական տեղաշարժեր կան: Դա, իհարկե, դրական տեղաշարժ է, բայց արդյոք այդ դրական տեղաշարժը մարդու կյանքի որակի բարելավման ցուցի՞չ է:
ՀՆԱ-ն հաշվարկվում է հետևյալ բաղադրիչներով՝ սպառում, պետության ծախսեր, բիզնեսի ներդրումներ և արտահանում՝ հանած ներմուծում: Եթե կառավարությունը պարբերաբար դրա մասին խոսում է, համարում է, որ դա իր գործունեության գնահատման չափանիշ է: Ստացվում է, որ ինքը իր գործողությունները և քաղաքականությունները կառուցելու է նրա շորջ, որ այդ գործակիցը միշտ բարձր պահի, որ ասի՝ տեսեք, ժողովուրդ, լավանում է, լավանում է, լավանում է: Այսինքն՝ եթե կառավարությունը ուզում է ՀՆԱ-ի արագ աճեր ցույց տալ, ընթացիկ ինչ-որ ծախսեր է անում՝ նույն աշխատավարձերը բարձրացնելով, տարբեր ծրագրերի սուբվենցիաներ տալով՝ տնտեսության մեջ ավելի շատ քանակի փող ծախսելով, և մենք վստահ կարող ենք ասել, որ ՀՆԱ-ն շարունակաբար աճելու է, և գուցե՝ ավելի մեծ տեմպերով: Բայց ՀՆԱ-ն ցույց չի տալիս, որ տնտեսությունը կայուն աճ ունի: Եթե մենք, օրինակ, մի քանի հանք շահագործենք, կունենանք ՀՆԱ-ի աճ, բայց դա ՀՆԱ աճ ապահովելու ամենավատ ցուցանիշն է, քանի որ դա կայունություն չի բերում, դա ուղղակի թվերի տեսքով դրական տեղաշարժ է ցույց տալիս, բայց իրականում դա զարգացում չի ապահովում»:
«Համախառն ներքին արդյունքը ոչինչ չի ասում նաև մարդու մասին. ինչպե՞ս է լավանում: Դա կյանքի որակի մասին չի ասում: Պետության դերը, օրինակ, աշխատավարձեր բաժանելը չէ, պետության դերը ենթակառուցվածքներ ստեղծելն ու զարգացնելն է՝ սոցիալական և տնտեսական, որը հիմք կհանդիսանա նույն տնտեսության աշխուժացման և գործունեության լավացման համար: Եվ փոքր-ինչ տարակուսելի է, որ կառավարությունը կենտրոնանում է միայն այդ ցուցանիշի վրա»,- հավելեց մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։







































