Կառավարության վաղվա օրակարգային հարցերից մեկը սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի հաստատումն է: Մինչ այս ոլորտի կանոնակարգման համար միայն փոքր քայլեր են արվել:
Սպառողը խանութից մթերք գնելիս չի կարող և պարտավոր էլ չէ բազմաթիվ սննդային հավելումների ցանկից հիշել, փնտրել ու ապրանքի վրա գտնել արգելվածները, կամ էլ՝ առավել ևս դրանց թույլատրելի չափաքանակները: Սա գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության պարտավորությունն է:
Հիշեցնենք, որ այս տարի ծառայությունն ամբողջովին վերակազմավորվել է, և այժմ դրան առավել լայն լիազորություններ են տրվում մեր սննդի անվտանգությունն ապահովելու համար:
Տեխնիկական կանոնակարգի ընդունումը Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի պահանջներից է: Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա թույլատրելի և արգելված հավելումների սեփական ցանկ:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն «Առաջին լրատվականին» հայտնեց, որ ներմուծվող ապրանքներն ունենում են համապատասխան փաստաթղթեր, բայց դրանք բավարար չեն. «Ամեն մի երկիր պետք է կարողանա նմուշառում անել, անհրաժեշտության դեպքում փորձաքննել, ոչ թե միայն հավատալ այդ փաստաթղթերին»:
Մինչ օրս մթերքում սննդային հավելումների խնդիրները վստահվել են միայն փաստաթղթերին: Նոր կանոնակարգով սննդի անվտանգության ծառայությունն իրավունք կունենա լաբորատոր փորձաքննություն իրականացնել:
Այն հարցին, թե արդյո՞ք խանութներում հաճախ են հանդիպում արգելված հավելումներ՝ Ա.Պողոսյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ հատկապես հաճախ են հանդիպում կոնսերվանտներ, ներկանյութեր, որոնք մանկական սննդում իսպառ պետք է բացառվեն:








































