ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը, ինչը և սպասելի էր: Փորձենք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկեր: Դե, բնականաբար հանձնաժողովը կստեղծվեր: Սա տեխնիկական կողմն է: Մնում է ամենակարևոր՝ բովանդակային կողմը. իսկ ի՞նչ պետք է աներ հանձնաժողովը: Հանձնաժողովը պետք է աշխատեր Մարտի 1-ի իրողությունները բացահայտելու համար:
Ի՞նչն է անհայտ Մարտի 1-ի կապակցությամբ: Անհայտը պարզ է, կամ, այսպես ասած, պաշտոնապես անհայտը պարզ է. Մարտի 1-ի 10 զոհերի սպանության կոնկրետ մեղավորները և նրանց հրաման տվողները, այսինքն՝ մարդասպաններն ու նրանց պատվիրատուները, եթե կարելի է այսպես ասել: Եվ ուրեմն հարց՝ Հայաստանում կա՞ մեկը, որը հավատում է, որ քանի դեռ Հայաստանում իշխանության է ՀՀԿ-ն, և քանի դեռ Հայաստանում, այսպես ասած, ոչիշխանական թիվ մեկ ուժն է Մարտի 1-ին իշխանության մաս կազմած ԲՀԿ-ն, կարող է բացահայտվել Մարտի 1-ի մարդասպանների և պատվիրատուների, այսպես ասած, ով լինելը: Եթե կա նման մարդ, ապա սա նշանակում է, որ այդ մարդը պետք է բացառի հրաման տալու հանգամանքը և պնդի, որ Մարտի 1-ին քաղաքացիներին սպանել է կա՛մ որևէ այլ իշխանություն՝ ՄԱԿ-ի անդամ ավելի քան 200 երկրներից որևէ մեկի իշխանությունը, կամ էլ պնդի, որ Մարտի 1-ին մարդկանց գնդակահարող ոստիկանները կամ որևէ օլիգարխի թիկնապահներ գործել են ինքնուրույն, ինքնագլուխ, այսինքն՝ նրանց որևէ մեկը չի տվել սպանելու իրավունք կամ հրաման, սակայն նրանք կրակել ու սպանել են: Այսինքն՝ մոտավորապես Հոկտեմբերի 27-ի «մի խումբ ռոմանտիկների» վարկածանման մի բան. պատվիրատուներ չեն եղել, հրաման տվողներ չեն եղել, և մարդասպաններն իրենք են իրենցով: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ մինչև հիմա իշխանությունները չեն բացահայտել սպանությունները, եթե որևէ բարձր մակարդակով կապ չեն ունեցել դրանց հետ:
Եվ հարց է առաջանում նաև, թե ի՞նչ էր մինչև հիմա, և ինչ է փոխվել սրանից հետո, որ հնարավոր էր դարձել բացահայտումը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞նն է, այսպես ասած, ընդդիմադիր դարձել: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ում կա երկու անձ, որոնք Մարտի 1-ին իշխանության կազմում առանցքային դերակատարում են ունեցել՝ նախկին արտաքին գործերի նախարար և նախկին ներքին զորքերի հրամանատար: Չէ՞ որ նրանք կարող են բացահայտել մութ կետեր, եթե այդ կետերը կան, և եթե այդ կետերում չկան Մարտի 1-ին իշխանություն եղած բարձրաստիճան անձանց համար անցանկալի իրողություններ:
Այսպիսով, մի՞թե պարզ չէ, որ առնվազն ողջամտությունից հեռու է կարծել, որ այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում հնարավոր է Մարտի 1-ի մարդասպանների և հրաման տվողների բացահայտում: Հետևաբար, նոր հանձնաժողովը լինելու էր ընդամենը «հանցավոր ռեժիմի դիմակը պատռելու» շարքից, այսինքն՝ հանձնաժողովը աշխատելու էր, ոչինչ չէր բացահայտելու, և արդյունքում լինելու էին ավանդական ընդդիմադիր հայտարարությունները:
Այսօր էլ դրանք իհարկե կլինեն՝ ՀՀԿ-ի դեմ քվեարկելու առթիվ: Եվ այսօր իրավիճակը առավել շահավետ է ոչիշխանական ուժերի համար, քանի որ հանձնաժողովի գործունեության դեպքում այնուամենայնիվ նրանք ստիպված կլինեին հասարակությանը բացատրել, թե ինչի՞ վրա էին հույս դրել, երբ հանձնաժողով էին ուզում ստեղծել, և եթե չէին կարողանալու հանձնաժողովով ստիպել իշխանություններին՝ խոստովանել կամ բացահայտել հանցագործությունը: Այնպես որ ՀՀԿ-ն ոչիշխանական ուժերին ավելորդ պատասխանատվությունից ազատել է:
Առաջիկայում երևի թե պարզ կլինի, թե ինչի դիմաց է ՀՀԿ-ն «մատուցել» այդ ծառայությունը և դեմ քվեարկել: Այս ֆոնին հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ զարգացումներ են ոչ իշխանական ուժերը նախաձեռնելու կառավարության վստահության հարցի և կենսաթոշակային կուտակային համակարգի մասերով:



































