Շանթ Հարությունյանի գործով կալանավորված լրագրող Տիգրան Պետրոսյանը չորս ամիս շարունակ կալանքի տակ է պահվում ապօրինի, կամայականորեն և առանց լուրջ հիմնավորումների՝ այն դեպքում, երբ տեսագրություններից երևում է, որ նա ընդամենը հրում է ոստիկան Արա Կարապետյանին`պաշտպանելու գետնին ընկած Շանթ Հարությունյանին: Այսինքն՝ Պետրոսյանն ընդամենը բաժանողի դերում է եղել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ նշելով, որ այս ամենում տեսնում է քաղաքական դրդապատճառներ:
«Առերեսման ժամանակ այդ ոստիկանն ասել է, որ Տիգրան Պետրոսյանն իրեն հրել է՝ այն էլ իբր այնքան ուժեղ, որ ինքը ցավ է զգացել: Հատկանշականը, սակայն, այն է, որ ընդամենը երեք-չորս վայրկյան տևած քաշքշուկի մասին ոստիկանն ամեն անգամ քննչական մարմնում նոր բան է պատմում: Երբ հարցնում ենք՝ ինչպես է այդպես ստացվում, նա պատասխանում է, որ ամեն անգամ ինչ հիշում, այն էլ պատմում է:
Փաստորեն մենք ունենք այնպիսի ոստիկանություն, որը պատրաստ է քննչական մարմնին տալ անհրաժեշտ, իրականությանը չհամապատասխանող վկայություններ: Հավատացեք, եթե պետք լինի, կգտնվեն այնպիսի ոստիկաններ, որոնք պետք եղած ժամանակ կհաստատեն, որ Երկրագունդը ոչ թե կլոր է, այլ քառակուսի»,- ասաց փաստաբանը` չբացառելով, որ ոստիկան Արա Կարապետյանը ենթարկվել է ցուցմունքներ տալու պարտադրանքի: Նրա համոզմամբ՝ ոստիկանը ընկալման ու հիշողության հետ կապված խնդիրներ ունի:
Արա Զաքարյանը հիշեցրեց, որ Տիգրան Պետրոսյանի խնամքի տակ է երկրորդ կարգի հաշմանդամ հայրը, ով բացի նրանից՝ այլ խնամող չունի: «Պաշտպանյալիս կալանքի տակ պահելը հիմնավորում են այն փաստարկով, որ հայտնվելով ազատության մեջ՝ նա կարող է այլ հանցանքներ գործել, ազդել քննչական աշխատանքի վրա և այլն: Քննիչը նշում է, որ նոյեմբերից երրորդ անգամ անընդմեջ կալանքի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նախաքննական մարմնի՝ ևս երկու ամիս տևող աշխատանքներով»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերջին որոշումը կայացվել է փետրվարի 28-ին:
Զաքարյանը մեկ այլ անտրամաբանական հանգամանք համարեց այն, որ ոստիկանի հետ առերեսումը կատարվել է միայն փետրվար ամսին, այնինչ պետք է կատարվեր ամիսներ առաջ:
«Այսքան ձգձգումներ կատարելու որևէ հիմք չկա»,- ամփոփեց նա:








































