Իշխանափոխության հասնելու համար քաղաքական չորս ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորումը դրական է գնահատում Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը՝ միևնույն ժամանակ ընդգծում, որ վստահ չէ, որ այդ միավորումը կլինի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ եթե իսկապես համախմբվեն, ապա իշխանափոխություն կլինի․«Ես համոզված եմ, որ այս ժողովուրդը գործող իշխանությանը վաղուց չի վստահում, եթե նայենք ժողովրդի ցանկությանը, ապա ժողովուրդը միշտ էլ ուզում է իշխանափոխություն»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե չի խանգարի արդյոք իշխանափոխությանը արտաքին քաղաքականության գործոնը , երբ հայտնի է , որ այդ ուժերից մեկը կողմ, մյուս երկուսը գոնե դեմ չեն Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը, արդյոք փոփոխության հասնելու համար երկրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն էլ հարկավոր չէ, Վիգեն Խաչատրյանն ասաց․«Եթե համախմբվեն, ապա հաջողույթուն անպայման կունենան, բայց վստահ չեմ, որ այդ համախմբումը տեղի կունենա՝ մի շարք պատճառներով:Ես հաճելիորեն կզարմանամ, եթե լինի նման բան:
Այն խնդիրը, որ այսօր կարևոր է հասարակության համար՝ արտաքին քաղաքականության առումով այդքան էլ կապ չունի, եթե ներքին խնդիրները լուծվեն՝ արտաքինն էլ կլուծվի: Իսկ երբ ներքին խնդիրները լուծված չեն, արտաքին հարցերը միշտ էլ առաջացնելու են ճգնաժամային իրավիճակներ: Ցանկացած արտաքին խնդիր, որքան էլ օգտակար թվա, եթե ներքին հարցեր կան չլուծված՝ արտաքին խնդիրների բարելավումը ներքին կյանքում ոչինչ չի փոխի:Ես գտնում եմ առաջնայինը ներքինն է, եթե ներքին խնդիրները անաչառորեն լուծվեն , ապա արտաքին խնդիր մենք երբևէ չենք ունենա․ այսինքն խնդիրներ միշտ էլ կլինեն, նկատի ունեմ՝ չլուծվող խնդիր, ճգնաժամային բնույթ չի կրի»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ինքն օրինակ, այդ իշխանափոխությունն ինչպե՞ս է պատկերացնում՝ վարչապետի հրաժարական՝ ինչպես պնդում են այդ ուժերից շատերը,Վիգեն Խաչատրյանն ասաց․«Տեսակետները տարբեր կարող են լինել, իշխանափոխություն ասելով ես նկատի ունեմ իշխանության իրական որակի փոփոխություն, որովհետև այժմյան իշխանությունն աշխատում է ինքն իր համար, նա հասարակական պետական շահերի հետ լուրջ առնչություն չունի: Այսինքն խոսքն այստեղ որակի մասին է՝ թե մենք ինչ որակի իշխանություն ենք ուզում»:
Նախկին մարզպետը նշեց նաև, որ նույնիսկ միավորվելուց հետո տարաձայնություններն անխուսափելի են, ցանկացած հակասություն լուծելուց հետո՝ նոր հակասություն է առաջանում․«Դա բնական ընթացք է, չպետք է մտահոգի: Խնդիրն այն է, մենք նոր որակի իշխանություն կունենանք, թե ոչ: Ես վստահ չեմ, որ իշխանափոխությունից հետո մենք կունենանք նոր որակի իշխանություն, բայց որ կարող են իշխանափոխություն անել՝ անկասկած կարող են, որովհետև հասարակությունը պահանջում է նոր որակի իշխանություն: Իշխանափոխություն արած ուժերը նոր որակ կունենան , թե ոչ՝ ես վստահ չեմ, կարող է իշխանափոխությունից հետո կրկնվի այն, ինչ որ մենք ունենք՝ չի բացառվում»:
Այսինքն , հնարավոր է, որ նոր իշխանությունը չտարբերվի նախորդ իշխանությունից՝ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․«Որակի առումով, հնարավոր է կրկնվի նույնը, բացառված չէ»:
Հետաքրքվեցինք նաև, թե իր գնահատմամբ ինչու՞ օրինակ հասարակությունը պետք է համախմբվի այդ ուժերից ԲՀԿ-ի շուրջ, կոնկրետ ի՞նչ գաղափարների համար, այդ ուժը նույնսիկ իրեն ընդդիմադիր չի համարում․«Ես մի բան գիտեմ այդ ուժերից որևէ մեկն ինքնուրույն ի վիճակի չէ որակական փոփոխություն անել միայնակ, միայն համախմբման պարագայում նրանց նկատմամբ վստահություն կարող է առաջանալ: Առանձին-առանձին վերցրած այդ ուժերը լուրջ փոփոխություն չեն կարող իրականացնել, ընդ որում՝ այդ չորս ուժերից ցանկացած մեկի բացակայությունը նույնպես կբացառի հաջողությունը: Ես վստահ եմ, որ փոփոխություն կարող են անել, բայց վստահ չեմ, որ որակական փոփոխություն կարող են անել: Միգուցե անցյալի դասերը լավ են քաղել և մարդիկ կարող են հասկանալ, որ իշխանությունը ոչ թե տիրելու,այլ սպասարկելու համար է: Ես չգիտեմ՝ դա նրանք որքանով կհասկանան»:









































