ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ հայտարարություն են տարածել, որում փաստել են, որ չնայած կողմերը Կազանում վերջնական համաձայնություն չեն ձեռք բերել հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ այնուամենայնիվ առաջընթաց է գրանցվել:
ԵԱՀԿ-ի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հուլիսի 4-ին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Համանախագահները ներկայացրել են հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և միջնորդությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, և քննարկել են առաջիկա քայլերը: Գնահատելով հունիսի 24-ի եռակողմ հանդիպումը՝ համանախագահները նշել են. «Չնայած կողմերը Կազանում վերջնական համաձայնություն ձեռք չբերեցին հիմնարար սկզբունքների վերաբերյալ, առաջընթաց գրանցվեց: Կազանի հանդիպման արդյունքը, այդ թվում՝ այն, որ կողմերը վերահաստատեցին բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու պատրաստակամությունը, ստեղծում է նախադրյալներ, որոնք կողմերը պետք է օգտագործեն հնարավորին չափ շուտ սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար»: «Կողմերի միջև մնացյալ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն հիմնարար սկզբունքների ընդունմանը և խաղաղ գործընթացի՝ պայմանագրի մշակման փուլին անցմանը»,- նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ տեղեկացնելով, որ մոտ ապագայում նախատեսում են խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում և այցելել տարածաշրջան:
Այս օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ Ռուսաստանում է: Օրերս էլ կայացել էր ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը: Ս.Լավրովը Է.Մամեդյարովին հրավիրել էր Ռուսաստան։ Այսպիսով, Կազանի հանդիպումն ամբողջությամբ ձախողված համարողները վստահաբար շտապել են իրենց դիրքորոշումներում, ինչպես նաև արդարացված չեն այն տեսակետները, թե Ռուսաստանը ետին պլան կմղվի ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Այստեղ հարկ է նշել եվրոպական դիվանագիտության լուրջ գործիչներից մեկի՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի հայտարարությունը. նա նշել էր, որ ԼՂ հակամարտության կողմերին խնդրի կարգավորման համաձայնությանը հասնելու համար կարվեն նոր առաջարկներ. «Իմ տեղեկություններով, ներկայումս արվելու են հավելյալ առաջարկներ, որպեսզի ամեն դեպքում հնարավոր լինի հասնել խնդրի կարգավորման համաձայնությանը»։ Այնուհետև Ս.Սարգսյանը Կիևում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո, խոսելով հակամարտության վերաբերյալ և Կազանից հետո ստեղծված իրավիճակի մասին, ասել էր, որ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը իրեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ է հղել, որում ներկայացրել է կարգավորման գործընթացում հետագա գործողությունների իր առաջարկները:
Ասել է թե՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեպքերը զարգանում են գրեթե նույն արագությամբ, ինչ մինչև կազանյան հանդիպումը: Այսինքն՝ պետք է նաև ամրագրել, որ ԱՄՆ-ՌԴ վճռականությունը՝ հիմնարար սկզբունքների շուրջ կողմերին համաձայնության հասցնելու, պահպանվում է, և թերևս ավելի վճռական փուլ է մտել, մի փուլ, որտեղ սպառվել են կողմերի՝ անվերջ առաջարկություններ ներկայացնելու պատճառաբանությունները:
Վերջին օրերին խիստ ուշագրավ էին նաև ուկրաինական աղբյուրների տարածած տեղեկությունները: Ուկրաինական Версии թերթը հայտնել էր, որ Ս.Սարգսյանի ուկրաինական այցի արդյունքների հիման վրա Ուկրաինայի ԱԳՆ-ն նախագահի հրահանգով պլանավորում է ակտիվացնել իր գործունեությունն Անդրկովկասում։ Թերթը նշել էր. «Մոտ ապագայում Երևան, Ստեփանակերտ ու Բաքու կայցելեն ուկրաինացի դիվանագետներ, որոնց հանձնարարված է տեղում պարզել տարածաշրջանի խաղաղապահ գործընթացում Ուկրաինայի մասնակցության հնարավորությունը։ Ուկրաինական դիրքորոշման ակտիվացմանը նպաստում է այն հանգամանքը, որ ԼՂ վերաբերյալ Կազանի բանակցություններն արդյունք չտվեցին։ Ուկրաինայի թեկնածության ընտրությունը հիմնականում պայմանավորված է այդ երկրի չեզոք կարգավիճակով։ Ուկրաինական կողմը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մասնակցությունն ի վիճակի է հետխորհրդային տիրույթում նպաստել նրա հեղինակության աճին»։
Ուշադրության է արժանի այն փաստը, որ ուկրաինական թերթը հիշատակել է խաղաղապահ գործընթացում Ուկրաինայի մասնակցության հնարավորությունը: Սա հազիվ թե պատահական նախադասություն լինի, և բացի այդ, կարևոր է դիտարկել, թե Ուկրաինան որ երկրների դրդմամբ նման ձգտումների մասին կարող է հույսեր ունենալ: Կարծես թե՝ և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար Ուկրաինան հարմար տարբերակ է: Ինչևէ, այս հանգամանքը նույնպես լրացուցիչ ապացույց է այն բանի, որ միջնորդ պետությունները ոչ միայն Կազանը ձախողում չեն համարում, այլև կարևոր հարցերում որոշումներ կայացնելու փուլում են:









































