Ի դեմս Ուկրիանայի՝ հետխորհրդային տարածքում աննախադեպ իրադարձություններ են ծավալվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այդ երկրում հակամարտության պիկային փուլն ավարտվել է, իսկ Ռուսաստանն էլ փորձում է կոմպրոմիսային տարբերակներ առաջ քաշել: Միաժամանակ, հասկանալի է, որ Ղրիմը ինքնորոշման հանրաքվե անցկացնելու իրավունք չունի: Թվում է` Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում Ռուսաստանն էսկալացիայի չի գնում, նա կարծես չի ուզում ռուսամետ կողմի Մայդանի աջակից լինել: Ավելին, Ռուսաստանը խուսափում է կոնտակտներ հաստատել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանի խոսքով, ակնհայտ է, որ ԵՄ-ն այսօր պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը: «Ինչ վերաբերում է ուկրաինական դեպքերին ՀՀ իշխանությունների արձագանքներին, ապա ԱԳՆ երկու հայտարարություններն էլ բավական չեզոք էին: Հակառակ պարագայում վտանգի տակ կդրվեր ուկրաինահայ համայնքը: Յուրաքանչյուր կողմնորոշում կարող է խնդիրներ ստեղծել ոչ միայն ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների, այնպես էլ Հայաստանի համար` միջազգային գրծընկերների հետ շփումների մասով: Հատկանշական է, որ զգուշավորություն ցուցաբերում է նաև Ադրբեջանը»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ղրիմի և Արցախի խնդիրների նմանությանը` Սերգեյ Մինասյանը նկատեց, որ անալոգիաները միշտ չէ, որ կարող են օգտակար լինել: «Իրավական նմանությունը դժվար թե օգնի Հայաստանին, իսկ քաղաքական նախադեպը պետք է դիտարկել այլ համատեքստում»,- ասաց նա` հավելելով, որ ամենահավանականը Ղրիմի` Ուկրաինայի կազմում լայն ինքնավարություն ստանալու տարբերակն է:











































