Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող անտեսել Ղրիմից իրենց ուղղված օգնության կոչերը և գործում է համարժեքորեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պուտինը նաև ընդգծել է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը, որոնք չպետք է զոհաբերվեն առանձին՝ թեկուզ և զգալի միջազգային խնդիրների շուրջ տարաձայնություններին, ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Նախագահ Օբաման իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները հանդիսանում են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունները պետք է ուղիղ բանակցություններ անցկացնեն միջազգային հանրության աջակցությամբ: Միջազգային դիտորդները կապահովեն բոլոր ուկրաինացիների, այդ թվում էթնիկ ռուսների իրավունքների պաշտպանությունը, իսկ ռուսական զորքերը պետք է վերադառնան իրենց բազաներ:










































