Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նորընտիր պատգամավոր Սինան Օղանը Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ եթե Հայաստանը չհեռանա Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից, ապա իրենք «երբեք չեն» թույլատրի հայ-թուրքական սահմանի բացումը։
Ընդգծելով վերջին շրջանում լրատվամիջոցներում հայ-թուրքական սահմանի բացման մասին լուրերի վերստին աշխուժությունը՝ Օղանը նշել է, որ որոշ ուժեր հայ-թուրքական սահմանի բացման հարցը ցանկանում են բերել խորհրդարանի օրակարգ.
«Սակայն ես կարող եմ «վճռականորեն հայտարարել», որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կհեռանա Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից, կհրաժարվի Թուրքիայի նկատմամբ ունեցած «անհիմն» հավակնություններից։ Եթե դա տեղի չունենա, ապա մենք «չենք թույլատրի», որ խորհրդարանը նման որոշում ընդունի»։
Օղանը հերթական անգամ ընդգծել է, որ իր պատգամավորության ժամանակաշրջանում պաշտպանելու է Թուրքիայում բնակվող 3 միլիոն ադրբեջանցիների շահերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Օղանը չէր բացառել Էրդողանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խորհրդարանի օրակարգ մտցնելը, քանի որ ընտրություններն անցել են, և Էրդողանի ձեռքերն ազատ են։ Բացի այդ, ադրբեջանական մեծաթիվ բնակչություն ունեցող Իգդիրից թուրքական խորհրդարան անցած Օղանը խոստացել էր թուրքական խորհրդարանում Ադրբեջանի խոսափողի դեր կատարել։
Օղանը սակայն «մոռանում» է, որ նա 550 հոգանոց ԹԱՄԺ-ում ներկայացնում է ընդամենը 53 մանդատ ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)։ Օղանի վերոնշյալ հոխորտանքը նման է նախընտրական շրջանում ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի այն հոխորտանքին, թե հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ԱՇԿ-ի «հնարավոր» հաղթանակից ընդամենը մեկ տարի անց Ղարաբաղը «կազատագրվի» և այնտեղ «նորից կփողփողա» Ադրբեջանի դրոշը։









































