Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 10 ամենավատ տնտեսությունների ցուցակը՝ հաշվի առնելով տվյալ երկրների համախառն ներքին արդյունքի աճը և սղաճը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը և ներկա առևտրային բալանսը:
Նշվում է, որ, անցած տարվա համեմատ, այս ցուցակում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Անցած տարվա առաջատարներ Գանան և Զիմբաբվեն լքել են առաջատարների դիրքերը, սակայն վատ զարգացող տնտեսությունների տասնյակում են հայտնվել Հայաստանն ու Ջամայկան, ինչը պայմանավորված է գլոբալ տնտեսական ճգնաժամով: Մադագասկարն ու Նիկարագուան այստեղ են հայտնվել «շնորհիվ» իրենց առաջնորդների: Տասնյակում են Transparensy International-ի կողմից հրապարակված այն ութ երկրները, որտեղ կոռուպցիան ամենածաղկուն վիճակում է, այդ թվում՝ Գվինեան, Ղրղզստանը և Վենեսուելան:
Վատագույն տնտեսություն ունեցող երկրների երկրորդ հորիզոնականը Մադագասկարից հետո զբաղեցնում է Հայաստանը՝ 2009 թվին իր 15%-անոց անկումով: Նշվում է, որ առաջիկա տարիներին առանձնապես աճ չի կանխատեսվում, երկիրը չունի ելք դեպի ծով, մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից և Իրանից իրականացվող էներգակիրների ներմուծումից, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը կազմում է 3000 դոլար, ինչը հարևան Թուրքիայի նույն ինդեքսի մեկ երրորդ մասն է կազմում, իսկ սղաճը 7% է: Բացի այդ, Ռուսաստանը կրճատել է ադամանդի առաքումները Հայաստանը՝ վնաս հասցնելով Հայաստանի երբեմնի ծաղկող ադամանդագործության ոլորտին:









































