Կումունալ ծառայությունների հազարավոր աշխատակիցների գործադուլը Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում աղբակույտերի գոյացման պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Աղբահավաքների բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 5 օր: Այժմ գործադուլի հետևանքները զգում են քաղաքի բնակիչներն ու կառնավալի հյուրերը: Գործադուլավորները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և հավելյալ վճար՝ պայմանավորված կառնավալի օրերին աշխատանքի ծանրաբեռնվածությամբ:
Մի քանի տոննայի հասնող աղբակույտեր են գոյացել ինչպես քաղաքի աղքատ, այնպես էլ հարուստ շրջաններում: Իշխանությունները մասամբ պայմանավորվել են աղբահավաքների հետ աշխատանքների վերսկսման մասին՝ աշխատավարձերի 9 տոկոսով բարձրացումից հետո, սակայն պարտականությունների կատարմանը խանգարում է գործադուլավորների մյուս մասը:









































