Խոշոր տերությունների կողմից Ուկրաինայի համար կռիվ է գնում: Արևմտյան ռազմավարության մտայնություններից է Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի թուլացումը, սակայն պետք է ասել, որ Ռուսաստանն այդ կռվում դեռևս չի պարտվել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Ուկրաինայի նոր իշխանությունները գործում են ճիշտ այնպես, ինչպես Միխայիլ Սահակաշվիլին՝ տարիներ առաջ Վրաստանում: Այնտեղ էթնոկրատիա է ստեղծվում, ինչը, սակայն, Ռուսաստանը թույլ չի տա: Ռուսաստանը թույլ չի տա նաև ռուսական հատվածի արդյունաբերության վատնումը»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ուկրաինան գնալու է ֆեդերալիզացիայի ճանապարհով, քանի որ դա է միակ անցնցում լուծումը:
Լևոն Շիրինյանի խոսքով՝ Ղրիմում կարծես կիրառվում է ԼՂ մոդելը, ինչը խիստ շահեկան է մեզ համար: «Ստեղծվում է մի նախադեպ, որը մենք պետք է ողջունենք: Ընդհանուր առմամբ Ղրիմում ու Արցախում իրավիճակը գրեթե նույնն է: Արցախի անկախության երաշխավորը Հայաստանն է, իսկ Ղրիմինը կլինի Ռուսաստանը:
Ի դեպ, ոչինչ չի փոխվում նրանից, որ Ղրիմի խորհրդարանն այսօր որոշում է կայացրել մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Կրեմլում նստած՝ արտագրել են Ղարաբաղի փորձը»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծվի կիսաճանաչված կամ չճանաչված պետությունների դաշինք:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































