Սերժ Սարգսյանը մարտի 6-ին մեկնում է Դուբլին: Նա այնտեղ ելույթ է ունենալու ԵԺԿ լիագումար նիստում:
Ի՞նչ է ասելու Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ի լիագումար նիստի իր ելույթում: Համարձակվում ենք կանխատեսել, որ ոչ մի էական բան, որն իր բովանդակությամբ և փիլիսոփայությամբ նոր լինի, միայն Հայաստանի իշխանությունների պարզունակ պնդումները եվրոպական ուղուն հավատարիմ լինելու մասին, որ, առանց անհարմար զգալու, մինչ օրս կրկնում են սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո:
Զուտ տեսականորեն՝ Սերժ Սարգսյանը պատմական հնարավորություն ունի գոնե ինչ-որ բան ինչ-որ կերպ փոխելու Եվրոպական գործընկերների ընկալման մեջ և Հայաստանին գոնե մի քիչ լուրջ ներկայացնելու: Ուկրաինայի իրադարձությունները տալիս են այդ շանսը, եթե Սերժ Սարգսյանը կարողանա կամ համարձակություն ունենա իր ելույթում քիչ թե շատ հստակ և առարկայորեն անդրադառնալ այդ խնդրին և տալ օբյեկտիվ գնահատականներ: Սակայն Սերժ Սարգսյանից նման անդրադարձ սպասելը այսօր միամտություն և ինքնախաբեություն է թվում: Իսկ եթե չեն լինելու ելույթում նման անդրադարձեր, ապա ուրիշ ինչ էլ ասի Սերժ Սարգսյանը՝ ըստ էության, լինելու է պարզունակ ձևականությունների շարունակության շարքից:
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանին Եվրոպայում բացարձակապես լուրջ չեն ընդունում, այնքան լուրջ չեն ընդունում, որ Եվրոպան նույնիսկ հարկ չհամարեց առանձնապես ջանքեր գործադրել Հայաստանին սեպտեմբերի 3-ից հետո խելքի բերելու, համոզելու կամ նույնիսկ քիչ թե շատ առարկայական բովանդակությամբ քննադատելու համար:
Սերժ Սարգսյանը պետք է գնա Եվրոպա ու ելույթ ունենա այդ անլրջության ֆոնին, ու եթե այնտեղ հնչելու են էական հայտարարություններ, որոնք, ըստ էության, կհանդիսանան Հայաստանի արտաքին քաղաքական խայտառակությունները գոնե ինչ-որ չափով սրբագրելու փորձեր՝ գոնե սրբագրելու, ապա Իռլանդիայի ճաապարհածախսը մի քիչ կարող է արդարացված լինել: Իսկ եթե ոչ, ապա իզուր տեղը պետբյուջեի գումարները ծախսում, Իռլանդիա գնում ելույթ է ունենում՝ որ ի՞նչ անի: Հատկապես, որ նույնիսկ հարց է, թե ով է լսելու նրա ելույթը ընդհանրապես: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը Դուբլինում կարող է և նույնիսկ հայտարարել Մաքսային միությունից հրաժարվելու մասին, սակայն պարզվի, որ նրան ոչ ոք չէր լսում, և ոչ ոք չի նկատել այդ հայտարարությունը:
Ըստ էության, առաջին հարցը նույնիսկ այն չէ, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը Դուբլինում, այլ այն է, թե ով է ընդհանրապես նրան լսելու: Համենայն դեպս, միանգամայն տրամաբանական է, որ մարդուն, որը երեք ու կես տարի շարունակ մի բան էր պնդում եվրոպական բոլոր ամբիոններից և հանկարծ մեկ օրում հայտարարեց ու արեց լրիվ այլ բան, մեղմ ասած՝ ավելորդ է լսելը: Ինչ պետք է ասի նա, հերթական սո՞ւտը, որով, ըստ էության, երեք ու կես տարի շարունակ կերակրել է եվրոպացիներին:
Այնպես որ, լավագույն տարբերակը կլիներ Դուբլին չգնալը, թեև, որպես ճանապարհորդական ուղերթ, Իռլանդիան իհարկե կոլորիտային է, հետաքրքիր ու գրավիչ, հատկապես երբ ճանապարհորդությունը իրագործվում է հարկատուների հաշվին:









































