Քանդակագործ Արա Շիրազը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ քանդակագործը բժշկական կենտրոն է ընդունվել փետրվարի 24 –ին ծայրահեղ ծանր` անգիտակից վիճակում և անմիջապես անցել է արհեստական շնչառության:
«Վիճակը հիմա մնում է նույնը` ծայրահեղ ծանր, անգիտակից: Կատարել ենք տարբեր հետազոտություններ, պարզել ենք, որ հիվանդի մոտ զարգացել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որի պատճառով էլ նրա մոտ զարգացել է իշեմիկ ինսուլտ»,- ասաց նա: Թե որքան ժամանակ Արա Շիրազը կմնա վերակենդանացման բաժանմունքում` Գնունին դժվարացավ ասել, տեղեկացրեց միայն, որ իրենք հիմա պայքարում են նրա կյանքի համար, ոչ մի կանխատեսում առայժմ չեն կարող տալ:
Միակ դրականն այժմ, ըստ բժիշկի, այն է, որ քանդակագործի վիճակը թեև ծայրաստիճան ծանր, բայց կայուն է` ոչ մի փոփոխություն չկա: «Նա իր կյանքի ընթացքում բազմիցս ինսուլտներ է տարել, հիմա նույնպես ինսուլտ է տարել, ուստի ես չեմ կարող պրոգնոզ տալ»,- ասաց նա:
Ի դեպ, քանդակագործի բոլոր հարազատները ԱՄՆ-ում են:









































