Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը երեկ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` ասաց, որ ապագայում հնարավոր է, որ Արդարադատության ակադեմիայի մեջ ընդգրկվի նաև Փաստաբանական դպրոցը:
«Փաստաբանական համակարգը պետական համակարգից դուրս գտնվող մարմին է: Եթե մի օր փաստաբանները ցանկություն հայտնեն, որ դպրոցը ներառվի Արդարադատության ակադեմիայի կազմ, ապա պատկան մարմինները շատ ուշադրությամբ այդ ցանկությունը հաշվի կառնեն: Ներկայումս չկա այդ ցանկությունը, ինչը բնական է, քանի որ Արդարադատության ակադեմիան դեռևս չի ապացուցել իր որակը և իր արդյունավետությունը»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ մինչ այդ իրենք Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել, որպեսզի ակադեմիայում դատախազների ու դատավորների համար նախատեսված որոշ դասընթացներ համատեղ անցկացվեն նաև փաստաբանների համար:
Ըստ Մելիքյանի` որոշ դասընթացներ միասնական անցկացնելու մեջ որևէ արտառոց բան չկա, քանի որ այդ նույն փաստաբանները, դատավորներն ու դատախազները իրար կարող են դեռևս ուսանողական տարիներից ճանաչել: «Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ մենք համատեղ ուսուցման ծրագիր իրականացնենք: Ես ուզում եմ ասել, որ իմ և Փաստաբանների դպրոցի տնօրեն պարոն Բաղդասարյանի միջև կա նախնական պայմանավորվածություն և որոշակի ցանկություն, որպեսզի որոշակի ձևաչափեր գտնենք, որ որոշ դասընթացներ միասնական անցկացվեն: Մենք տեսնում ենք համատեղ աշխատանքի այդ դաշտը»:
«Առաջին լրատվական»-ը Փաստաբանների պալատի նախագահից հետաքրքրվեց հավանակա՞ն է, որ ապագայում Փաստաբանական դպրոցը ևս մտնի Արդարադատության ակադեմիայի կազմ: Արդյոք դրանով չի՞ վտանգվի փաստաբանական ինստիտուտի անկախությունը: Դա չի՞ նշանակում, որ փաստաբանները այդպիսով կարող են սերտաճել դատախազների ու դատավորների հետ, և ընդհանրապես ի՞նչ կտան այդ համատեղ դասընթացները փաստաբաններին: «Իմ դիրքորոշումը շատ կտրուկ է այդ հարցում: Փաստաբանական դպրոցը չի կարող մտնել Արդարադատության ակադեմիայի կազմ: Փաստաբանական ինստիտուտը պետական համակարգի մեջ չի ներառվում և անկախ է»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով. «Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությունը ողջունելի եմ համարում: Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, ինչը, կարծում եմ, առավել կնպաստի առողջ համագործակցությանը: Այդ համագործակցությունը չի կարող և չպետք է օգտագործվի այլ ծածուկ նպատակներով»:
Լուսանկարը՝ Photolure-ի







































