Լիբիայի կառավարությունը հայտարարել է լիբիացի վերջին թագավոր Իդրիս Մուհամադ Ալ-Սանուսիին վերականգնելու և միապետի նախկին սեփականությունը օրինական ժառանգներին փոխանցելու մտադրության մասին: Նա երկիրը կառավարել է մինչև Մուամար Քադաֆիի ռազմական հեղաշրջումը:
Ինչպես հաղորդում է Sky news-ը, Լիբիայի նախարարների կաբինետի հրահանգի նախագծում նշվում է, որ միջոցներն ուղղված են այն անձանց իրավունքների վերականգնմանը, որոնք տուժել են 1969թ. Քադաֆիի իրականացրած հեղաշրջման հետևանքով:
Լիբիայի կառավարությունը նաև հայտարարել է ինչպես միապետին, այնպես էլ նրա ժառանգների երկրի քաղաքացիությունը վերադարձնելու պատրաստակամության մասին:
Իդրիս Մուհամադ Ալ-Սանուսին հռչակվել է Լիբիայի թագավոր, երբ 1951թ. այն դարձավ առաջին անկախ պետությունը Աֆրիկայի հյուսիսում: Իշխանությունից զրկվելուց հետո նրա ունեցվածքն առգրավվել է, իսկ ինքն արտաքսվել է երկրից և զրկվել Լիբիայի քաղաքացիությունից: Ալ-Սանուսին մինչև 1983թ. վտարանդիության մեջ է ապրել Կահիրեում, որտեղ մահացել է 94 տարեկանում:







































