ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի հարցով հանդիպման ժամանակ մատնանշել են, որ չեն հավատացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմանը, որն առնչվում է Ուկրաինայում նրա մտադրություններին՝ հաղորդում է The Guardian-ը:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները «սառը ջուր են լցրել» այն գաղափարի վրա, թե Ռուսաստանը հետ է կանգնում Ուկրաինայի հետ առճակատումից՝ նշելով Ղրիմում զորքերի առկայությունը:
Օբաման պնդում է, որ Ղրիմում իրական իրավիճակը, ինչպես նախկինում, լուրջ անհանգստություն է առաջացնում:
«Այն փաստը, որ մենք, նախկինի պես, տեսնում ենք ռուս զինվորականներ Ղրիմում, վկայում է այն մասին, որ տեղի ունեցողը հիմնված է ոչ թե Ռուսաստանի քաղաքացիների կամ Ուկրաինայում ռուսախոս բնակիչների մասին անհանգստանալու վրա, այլ այն բանի, որ Ռուսաստանը ուժի միջոցով ձգտում է ազդեցություն ցուցաբերել հարևան երկրի վրա»,- հայտարարել է Օբաման:
Օբամայի խոսքերով՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և վերջիններիս դաշնակիցները համոզված են, որ Ռուսաստանը գործում է՝ խախտելով միջազգային իրավունքը:
«Պուտինը կարծես թե ունի փաստաբանների այլ շրջապատ՝ այլ մեկնաբանություններով, սակայն չեմ կարծում, որ նա կհիմարացնի ինչ-որ մեկին»,- մեջբերում է պարբերականն Օբամայի խոսքերը:






































