ՀՀ Սահմանադրական վերջին փոփոխությունները, որոնք, ըստ կանխատեսումների, պետք է լուծեին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու հարցը, արվեցին 2005 թ.: Այսօր զրուցեցինք ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու դա տեղի չունեցավ: Նաև հետաքրքրվեցինք, թե ներկայիս Սահմանադրությունը այսօր, քաղաքական այս իրավիճակում որքանով է գործունակ:
Ի պատասխան՝ պատգամավորը արձագանքեց. «Դա անհեթեթ վարկած է, հետևաբար, ես նման անհեթեթ խոսակցությունները չեմ մեկնաբանում: Ինչ վերաբերում է ներկայիս Սահմանադրությանը, այն շատ գործունակ է, և բազմաթիվ խնդիրներ ծագելիս պետական իշխանության և տարբեր մարմինների միջև՝ օրենսդիր, գործադիր և հանրապետության նախագահի հետ կապված, Սահմանադրությամբ այդ բոլոր խնդիրներին լուծումներ ենք տալիս: Հետևաբար, այսօր Սահմանադրությունը փոխելու ոչ մի հիմք չկա:
Զարգացումները, սակայն, կարող են տանել այն ճանապարհով, որ այսօրվա կիսանախագահական կիսապառլամենտական Սահմանադրությունը հետագայում գնա ավելի շատ դեպի պառլամենտականը: Սակայն ներկա պահին, քանի որ պատերազմական իրավիճակի մեջ ենք, քանի որ դեռևս անհրաժեշտ է, որ Հայաստանին վերաբերող բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծում տրվի, ուրեմն, այսօրվա Սահմանդրությունը բավարարում է բոլոր պահանջներին»:








































