«Այսօր համար մեկ առաջնահերթությունը պետության կողմից արդար, հավասար և մրցակցային միջավայր ստեղծելն է, որը մեզ չի հաջողվել ձևավերել ՀՀ-ում»,- Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ՝ «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով զեկույցի հրապարակման ժամանակ այսօր հայտարարեց Վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով զեկույցում նշված մյուս առաջնահերթություններին, թե ինչպես պետք է շարժվի կառավարությունը, և ինչ խնդիրներ կան, որոնց լուծումն առաջնահերթ է:
«Եթե մենք արդար և մրցակցային դաշտի ձևավորման ոլորտում կարողացանք արձանագրել էական ու շոշափելի առաջընթաց, ապա կարող ենք ասել, որ մեր հիմնական առաքելությունն այս 5 տարիներին իրականացրել ենք, եթե ոչ, ապա մենք կարող ենք արձանագրել, որ կառավարության ծրագիրը ձախողվել է, որովհետև հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է»,- հավելեց վարչապետը:
Ըստ նրա՝ առաջնահերթ հաջորդ խնդիրները ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումն է, ինտելեկտուալ կարողությունների վերաբաշխումը և մի քանի այլ խնդիրներ: «Առաջին քայլը արեցինք և որոշեցինք կառավարության գերակա ուղղությունները և որոշեցինք միասին գնալ առաջ: Պետությունը ստանձնեց պարտավորություններ մասնավորի հետ, որը նախկինում չկար. հասկանալի է, ամեն մի ոլորտի համար պետք է սպեցիֆիկ գործիքակազմ»,- նկատեց վարչապետը:
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի այսօր հրապարակած զեկույցին հաջորդեց քննարկում, որին մասնակցում էին նաև կառավարության ներկայացուցիչները: Սակայն և՛ նրանք, և՛ կառավարության ղեկավարը քննարկումից հետո չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին:
Վարչապետից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ի՞նչն է խոչընդոտում արդար, հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն և ստվերային տնտեսությունը վերացնելուն:







































