Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դաս լինեն շատ երկրների համար, քանի որ բիրտ ուժի կիրառմամբ 21-րդ դարում ոչնչի չես հասնի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` հավելելով, որ փոփոխությունները պետք է կատարվեն օրինական ճանապարհով:
«Այդ երկրի նոր իշխանությունը շատ քիչ բանի է ընդունակ, իսկ ուկրաինացի ժողովուրդը նրա պատճառով դեռ շատ վնասներ կկրի: Այդ ինքնակոչ կառավարությունը բռնի ուժ է իրականացնում, որը հարիր չէ ժողովրդավարական ուժերին: Օրենքը և Սահմանադրությունը երբեք չպետք է տրորվեն, ինչին, սակայն, ականատես եղանք Ուկրաինայում»,- ասաց նա` հավելելով, որ Ռուսաստանը չպետք է դիտորդի կարգավիճակում լինի, քանի որ Ուկրաինայում ապրող 20 մլն ռուսները պետք է պաշտպանված զգան իրենց:
Պատգամավորի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ ուկրաինացիները խուճապի են մատնվել կատարված դեպքերից հետո: «Մայդանից երկու կանգառ այն կողմ մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Միաժամանակ, մինչև Մայդանը ուկրաինացիները վարդագույն աչքերով են նայել հնարավոր փոփոխություններին, սակայն հիմա ակնհայտ է, որ այս դեպքերը մի քանի տարով հետ են շպրտելու այդ երկիրը»,- ասաց հանրապետական գործիչը:
Ասուլիսի մյուս բանախոս, պատգամավոր Թևան Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ Ուկրաինայում գերտերությունները լուծում են իրենց խնդիրները, և լավ չի լինի, որ ուկրաինացիները հանգիստ նստեն իրենց տներում: «Ուկրաինական դեպքերից իրոք պետք է դասեր քաղել: Հայաստանում այդ դասերը պետք է առնեն ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը` ինչ կարելի է անել և ինչ` չանել»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ ուկրաինացիները կկարողանան իրենց երկրի ապագան առաջ տանել:
Անդրադառնալով ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` Կարինե Աճեմյանը նկատեց, որ ինքը դրանում դրական շեշտադրումներ տեսավ: «Օրինակ՝ այն, որ ՀԱԿ առաջնորդն ասաց` իրենք չեն գնա գործողությունների, որոնք կվնասեն երկրին: Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով: Ընդդիմությունը թիրախներն ընտրում է արհեստականորեն: Արդեն քանի տարի է` շահարկում են Մարտի մեկի թեման»,- ասաց նա:
Թևան Պողոսյանն էլ նշեց, որ մարտի մեկի հանրահավաքին հնչած ոչ մի միտք շահարկում համարել չի կարելի: ««Ժառանգությունը» շարունակելու է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ` տեսնելու որտեղ կգտնենք այն բևեռը, որ կմիավորի ԵՄ ձգտող ուժերին: Կոնսոլիդացիան լայն է լինելու: Կլինի Գագիկ Ծառուկյանը, կլինի Նիկոլ Փաշինյանը կամ մեկ այլ մարդ՝ պետք է համախմբվել նրա շուրջ, սակայն այսօրվա դրությամբ այդ մարդը չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Կարինե Աճեմյանն էլ հնարավոր համարեց, որ կոնսոլիդացիան կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահի շուրջ: «Նրա ակտիվությունը ցույց է տալիս, որ չի բացառվում` Ռոբերտ Քոչարյանը կրկին մեծ քաղաքականություն վերադառնա»,- ասաց հանրապետական գործիչը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































