«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր բանավիճեցին Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:
«Ռուսաստանի ազդեցությունը կա Ուկրաինայի ամբողջ տարածքում և հատկապես Ղրիմում, որովհետև արևելյան հատվածում ապրում են ռուսալեզու, բայց ուկրաինացի ժողովուրդներ, իսկ կոնկրետ Ղրիմում՝ էթնիկ ռուս ժողովուրդ: Սպասել, որ այդպիսի իրադարձությունները չեն անդրադառնա Ղրիմի վրա՝ բավական հիմար մտածելակերպ է»,-ասաց Իսկանդարյանը:
Նա հավելեց, որ ինքն անձամբ Ղրիմում առաջին անգամ եղել է 90-ականներին, երբ այնտեղ առաջին ճգնաժամն էր: «Սրան պետք էր սպասել, նշում են, թե Կիևում իշխանություն է փոխվել՝ այո, համաձայն եմ, բայց հենց Կիևում: Եթե ամբողջ Ուկրաինան նկատի ունենանք՝ այնտեղ կոլապս է, և այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, բավականին կանխատեսելի էր»,-ընդգծեց նա, ապա հարցադրում արեց. «Ի՞նչ էիք սպասում, որ Պուտինը սրան ի պատասխան ծաղիկնե՞ր բաժաներ Ուկրաինայում»:
Իր հերթին Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ ըստ միջազգային իրավունքի, ըստ բոլոր միջազգային պարտավորությունների, որ Ռուսաստանն ունի՝ գնահատականը հետևյալն է՝ Ռուսաստանի կողմից կատարվել է ագրեսիա, կատարվել է Ղրիմի օկուպացիա, և այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, ոչ թե Ղրիմի ներսի, Ղրիմում ապրողների ցանկությամբ է տեղի ունենում, այլ բացառապես դրսից, այսինքն՝ Ռուսաստանի կողմից սադրանք է:
«Որևէ կերպ չի կարելի Ղրիմի խորհրդարանի որոշումը համարել օրինական, քանի որ այդ որոշումը կատարվել է զինված գրոհայինների ներկայությամբ: Այո, Ուկրաինայի պետականությունը և տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են, բայց դա Ռուսաստանի պատճառով է: Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը արևելյան շրջանում՝ Ռուսաստանից բերված մարդիկ են: Ռուսաստանը մարտահրավեր է նետել ոչ միայն միջազգային հանրությանը, Ռուսաստանը փորձում է թելադրել իր կանոնները: Սա ամբողջ միջազգային հանրության դեմ է, և Ռուսաստանն օգտվում է այն թուլություններից, որոնք վերջին տարիներին օգտագործում են աշխարհի ուժային կենտրոնները»:
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ հետևանքները լինելու են ծանր, ռազմական առումով՝ Ռուսաստանի համար կործանարար. «Այն արձագանքը, որ ցուցադրում է Արևմուտքը, աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ բավարար է, թե ոչ՝ ամենաշատը 72 ժամվա ընթացքում պարզ կլինի»:
Նա ընդգծեց, որ Արևմուտքի ամենամեծ սխալն այն է, որ նա չի համակերպվում, որ հանձին այսօրվա Ռուսաստանի՝ վերածնվել է չարիքի կայսրությունը, որը շատ ավելի վտանգավոր է, քան Խորհրդային Միությունը:
Լուսանկարը` PAN Photo-ի








































