Ռուբլու կուրսը շարունակում է անկում ապրել դոլարի ու եվրոյի նկատմամբ: Երեկ՝ մարտի 3-ին, այն հասել է իր պատմական նվազագույնին. եթե տարվա սկզբին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը 32.8 ռուբլի էր, ապա մարտի 3-ին այն կազմել է 36.5 ռուբլի: Եվրոյի փոխարժեքն էլ հասել է 50.30 ռուբլու: Երկարժութային զամբյուղի արժեքը (0.55 դոլար և 0.45 եվրո) կազմել է 42.75 ռուբլի, ինչը Ռուսաստանի Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքային թույլատրելի միջակայքի վերին սահմանն է:
Ուկրաինայի դեպքերի ազդեցությունը ռուբլու վրա, թերևս սպասելի էր: Որքան լարվում է իրավիճակը, այնքան շատ արևմտյան կապիտալ է փախչում Ռուսաստանից: Ընդհանրապես, առանց Ուկրաինայի էլ, կապիտալը Ռուսաստանից, Բրազիլիայից, Թուրքիայից ու այլ խոշոր զարգացող երկրներից սկսել էր արտահանվել, քանի որ ԱՄՆ-ում սպասվում է տոկոսադրույքների փոքր-ինչ բարձրացում՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի (ԱՄՆ Կենտրոնական բանկի) կողմից վարվող նոր քաղաքականության պատճառով:
Սակայն Ուկրաինայի դեպքերը, թերևս, արագացնում են Ռուսաստանից կապիտալի փախուստն ու նաև ավելի արագացնում ռուբլու արժեզրկումը: Մեխանիզմը շատ պարզ է՝ արտասահմանյան ներդրողները իրենց հարստությունը փոխում են դոլարի և այդ դոլարը հանում երկրից, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում քչանում է դոլարի քանակությունը (հետևաբար աճում դոլարի գինը): Եթե հաշվի առնենք նաև, թե ԱՄՆ-ն ինչ բարձր աստիճանի ազդեցության լծակներ ունի ամբողջ աշխարհի ֆինանսական գործընթացների վրա, պարզ կդառնա, որ ԱՄՆ ցանկության դեպքում ռուբլու՝ մի քանի տասնյակ կոպեկի արժեզրկումը մանկական խաղ կթվա այն բանի հետ, ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում (Ուկրաինայում լարվածության պահպանման դեպքում): Եվ այս ամենը՝ դեռ առանց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման (ինչի մտադրության մասին արդեն հայտարարել է ԱՄՆ-ն):
Ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա ռուբլու արժեզրկումը: Զուտ տնտեսագիտական վերլուծությունը մի քանի հնարավոր հետևանքներ է ցույց տալիս.
1. Կնվազի Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների՝ դոլարային ու դրամային արժեքը: Օրինակ՝ ենթադրենք արտագնա աշխատանքի մեկնած միջին վիճակագրական հայաստանցին տարեկան բարեկամներին էր ուղարկում մոտ 165 հազար ռուբլի: 33 ռուբլի/դոլար կուրսի պարագայում դա մոտ 5 հազար դոլար կամ մոտ 2.1 մլն դրամ է, իսկ եթե կուրսը դառնում է, ասենք, 40 ռուբլի/դոլար, այն արդեն 4125 դոլար է կամ մոտ 1.7 մլն դրամ: Ընդամենը 7 ռուբլու տարբերություն, և տարեկան 1.6 մլրդ դոլարի տրանսֆերտները Հայաստանի համար դառնում են 1.3 մլրդ դոլար: 300 միլիոն դոլարով պակաս: Մինչդեռ ամենայն հավանականությամբ՝ ռուբլու արժեզրկումը չի սահմանափակվի 40 ռուբլի/դոլար կուրսով:
2. Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է դեպի Ռուսաստան իր արտահանումը, և այն այսօր կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Երբ ռուբլու փոխարժեքն արժեզրկվում է, Ռուսաստանից դուրս արտադրված ու Ռուսաստան ներմուծված ապրանքները կուրսի պատճառով թանկանում են ռուս սպառողի համար: Այսինքն՝ հայկական պահածոները, խմիչքները, ձկնամթերքը ռուբլու արժեզրկմամբ կթանկանան Ռուսաստանում, հետևաբար դրանց սպառումը կնվազի (Ռուսաստանում արտադրված նմանատիպ ապրանքներն ավելի մրցունակ կդառնան ռուսների համար): Սա էլ առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլարի (տարեկան կտրվածքով) վնաս կհասցնի մեր արտահանողներին:
3. Քանի որ Ռուսաստան ներմուծվող բոլոր ապրանքները կթանկանան, իսկ Ռուսաստանի սպառողական զամբյուղում բավականին մեծ տեղ ունեն ներմուծվող ապրանքները, Ռուսաստանում ընդհանուր գնաճը կարող է մեծանալ: Մեծացած գնաճը, ընդհանուր առմամբ, կարող է ազդել նաև այնտեղ աշխատող ու տրասնֆերտներ փոխանցող մեր քաղաքացիների գնողունակության վրա ու է՛լ ավելի կրճատել նրանց կողմից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները:
Այսպիսով՝ եթե ռուբլին էականորեն արժեզրկվի, հետևանքները Հայաստանի տնտեսության համար կլինեն բավականին զգալի ու ծանր:









































