56 տարեկանում մահացավ ամերիկացի Փոլ Շարուն-Դեֆրեշը, այրիացնելով 59-ամյա կնոջը`Քրիսին։ Այսպիսով ավարտվեց մարդկանց պատմության մեջ Դաունի համախտանիշով զույգերի ամենաերկար ամուսնությունը: Փոլն ու Քրիսը ամուսնացել են ավելի քան 25 տարի առաջ և այս տարիների ընթացքում միմյանց աջակցելով երջանիկ ապրում էին: Նախկինում այս համախտանիշով մարդկանց կյանքի միջին տևողությունը մոտ 25 տարի էր: Հիմա, բժշկության զարգացման շնորհիվ, այն աճել է մինչև 50-ը:
Ըստ Daily Mail-ի, ապագա ամուսինները 1980-ականներին հանդիպել են պարահրապարակում։ Եվ դա սեր էր առաջին հայացքից: 1988-ին Քրիսն ինքն է ամուսնության առաջարկ արել։ «Ես նրա աչքերում տեսա իմ ապագան: Եվ հետո առաջարկեցի, որ ամուսնանանք: Եվ նա պատասխանեց՝ «այո»,- հարցազրույցներից մեկում ասել է կինը։
Նախքան ամուսնանալը, նրանք հինգ տարի ստիպված էին բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել: Նրանք թեստեր են անցել և ամերիկյան իշխանություններին ապացուցել, որ կարող են ընտանեկան կյանք վարել և սեքսի մասին պատկերացում ունեն:
Հարսանիքը կայացել է Նյու Յորքում:

Ամուսիններն աշխատել են հատուկ կազմակերպություններում, որտեղ մասնագիտություններ են առաջարկում սահմանափակ հնարավորություններով անձանց:

Անցյալ տարվա օգոստոսին, երբ Քրիսը թոքաբորբով պառկած էր հիվանդանոցում, Քրիսն ու Փոլը կրկնեցին հավատարմության իրենց երդումը։ Վերջին ամիսներին Փոլի առողջական վիճակը վատացել էր, նաև Ալցհեյմերի հիվանդության նշաններ էին սկսվել: Սակայն մինչև վերջին շունչը Փոլը ճանաչում էր կնոջը։












































