«Տոնի խորհուրդը այսօր ավելի արժևորված է նրանով, որ Հայաստանում աշխատանքի խնդիրը դարձել է համար մեկ խնդիրը»,- այսօր՝ Մայիսի 1-ին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը և հավելեց, որ վերջին 28 տարիներին Հայաստանում համատարած գործազրկություն է:
Նրա խոսքով՝ երբ Հայաստանի և ԱՊՀ երկրների տնտեսական կապերը խզվեցին, մենք կորցրինք մեր արդյունաբերական ներուժը, ինչով էլ պայմանավորված են գործազրկության այսպիսի բարձր մակարդակը և արտագաղթը:
«Այսօրվա խորհուրդն այն է, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհի ժողովուրդներին, որ Հայաստանում կա աշխատավորություն, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար: Մենք միշտ պայքարելու ենք, որ հայ մարդը աշխատանք ունենա սեփական հայրենիքում»,- նշեց մեր զրուցակիցը:
Վազգեն Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում, որովհետև դա գաղափարական կուսակցություն է և միշտ հանդես է գալու հանուն համակարգային փոփոխությունների. «Եվ մեր ժողովուրդն ի վերջո կհասկանա, թե ինչ է նշանակում կոմունիստներին ձայն չտալ և Ազգային ժողով չբերել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































