Սիրիայի հայրենասիրական ընդդիմության առաջնորդ, Ազգային կոորդինացիոն կոմիտեի նախագահ Հասան Աբդել Ազիմը հույս ունի, որ ԱՄՆ-ը կփոխի իր մոտեցումները Սիրիայի հարցի առնչությամբ: Նրա խոսքերով` Դամասկոսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը «ֆիասկոյի է ենթարկվել, քանի որ չի կարողացել «Ժնև-2»-ի համար համերաշխ սիրիական պատվիրակություն նախապատրաստել, որի մեջ կմտնեին երկրի ներսում և արտասահմանում գտնվող բոլոր հիմնական խմբավորումները»:
«Մենք հույս ունենք, որ Լոուրենս Սիլվերմանը` այժմ սիրական կարգավորման համար պատասխանատու ամերիկացի դիվանագետը, հաշվի կառնի Ֆորդի սխալները, որոնք Ժնևում բանակցային գործընթացը փակուղի տարան»,- «Էլ-Վաթան» թերթի հետ հարցազրույցում ընդգծել է Աբդել Ազիմը:
«Սիլվերմանը պետք է ստեղծի ներկայացուցչական պատվիրակություն, որը հեղինակություն կվայելի ընդդիմադիրների և սիրիացի ժողովրդի շրջանում»,- հավելել է նա:









































