Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ Դաշնակցությունը դեկտեմբերին պատրաստվում է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության գործընթաց և այդ կապակցությամբ բանակցում է «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խորհրդարանական ուժերի դեմ, ասել է, որ իրենց օրակարգում իշխանության հարց չկա, և ԼՀԿ ու ԲՀԿ հետ բանակցություն էլ չի վարվում: Անշուշտ տարօրինակ կլիներ, եթե ՀՅԴ-ն մայիսին խոստովաներ կամ ազդարարեր դեկտեմբերին նախապատրաստվող անվստահության գործընթացը, սակայն այդօրինակ մտադրությունն ինքնին կարող է լինել տարօրինակ, ընդ որում՝ ոչ միայն ՀՅԴ, այլ նաև որևէ այլ քաղաքական ուժի պարագայում:
Եվ այստեղ պատճառը իրականում շատ ավելի խոր տեղ է, քան իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը, քան հեղափոխական իրողությունները, քան իշխանության վարկանիշը և այլն: Ընդհանրապես, այդ մասին դատողությունների և դիտարկումների համար նախ հարկավոր է պատասխանել մի շատ ավելի պարզ հարցի: Հայաստանում հնարավոր համարվո՞ւմ է նոր հեղափոխությունը, կամ թեկուզ հակահեղափոխությունը և որևէ հնի վերադարձը: Այդ հարցին պատասխանելուց հետո միայն մենք կարող ենք ասել, թե արդյոք որևէ ուժի տեսանկյունից ռացիոնա՞լ է սկսել նոր իշխանության անվստահության որևէ գործընթաց, այն էլ՝ առաջիկա ամիսների կամ թեկուզ մեկ-երկու տարվա հաշվարկով:
Դիտարկելով նոր հեղափոխության կամ հնի հակահեղափոխության տարբերակները կամ նախադրյալները՝ մենք կարող ենք արձանագրել, որ դրանք գոյություն չունեն: Չունեն ոչ այն պատճառով, որ կա իդեալական իշխանություն, բայց նաև այն պատճառով, որ կա լեգիտիմության բավականին մեծ պաշարով իշխանություն: Եվ կա ասպարեզից իսպառ չհեռացած նախկին իշխանություն, որն ինքնին արգելակ է նոր որևէ հեղափոխության կամ էլ հակահեղափոխության համար: Ավելին՝ այդ հին իշխանությունը կամ համակարգը կա ոչ միայն, այսպես ասած, ֆորմալ մերժվածության, այլ նաև ֆորմալ ընտրվածության պարագայում, երբ կա ուժ, որն ակնհայտորեն նախկին համակարգի կրող է, թեկուզև՝ նոր իշխանության գոյությունն ու լեգիտիմությունը ճանաչած:
Ահա այս պայմաններում Հայաստանում բացարձակապես իռացիոնալ է քննարկել այդօրինակ որևէ զարգացում՝ անգամ դիտարկելով իշխանության վարկանիշի որոշակի նվազման անխուսափելիությունը: Կարիք չկա անգամ անդրադառնալ նոր հեղափոխության կամ հակահեղափոխության հնարավորության այլ նախադրյալների բացակայությանը, ընդհուպ՝ արտաքին գործոնների առումով: Ահա այս իրավիճակում, արտահերթ կամ, այսպես ասած, «զանգվածային» այլ զարգացումների մասին խոսակցությունները և այդօրինակ հանրային «սպասումների» գեներացիան, թեկուզ հանրության բացասական գնահատականին արժանանալու պայմաններում, ունի կամ կարող է ունենալ միայն մեկ ռացիոնալ նպատակ՝ Հայաստանում թույլ չտալ քաղաքական նոր որակի գործընթացի ձևավորում, թույլ չտալ օրակարգի բովանդակային համալրում, քաղաքական կառուցվածքի և քաղաքականության մտա-գաղափարական բովանդակության արդիականացում՝ անընդհատ պահելով մթնոլորտը ինչ-որ սպասման ռեժիմում և ըստ այդմ կանխարգելելով երկարաժամեկտ մրցակցային քաղաքական ռազմավարությունների ձևավորումը:
Հարց է առաջանում, թե ո՞ւմ է դա պետք: Այն ուժերին, որոնք հավակնում են Հայաստանում դառնալ քաղաքական մրցակցային համակարգի մասնակից և դերակատար, դա հաստատ պետք չէ: Մյուս կողմից, սակայն, այդ համատեքստում առաջանում է հարց՝ կա՞ն այդպիսի ուժեր, և արդյոք նրանք չե՞ն տեսնում առնվազն այդ հարցի շուրջ համախմբման և միասնական հակազդման անհրաժեշտություն, քաղաքական գործընթացն իռացիոնալ սպասումների ազդեցությունից դուրս բերելու և այդպիսով մրցակցային նշաձողերը հօգուտ իրենց բարձրացնելու հարցում:









































